News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Կարսի նախկին քաղաքապետի օրոք կառուցված եւ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հսկա արձանին՝ անվանելով այն հրեշավոր ու քանդման ենթակա։

 Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանը արձագանքել են Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը։

 Թուրքական NTV-Ի եթերին մասնակցած Կարսի նախկին քաղաքապետը հայտարարել է, թե ժողովուրդը պետք է գնահատական տա վարչապետի ասած «հրեշավոր» արտահայտությանը։ «Ցանկացանք, որ այստեղ մարդկության հուշարձան լինի։ Մարդկության արժեքները կորցրած եւ պատերազմող այս աշխարհին մեր տառապանքներով լեցուն աշխարհագրական դիրքից փորձեցինք մարդասիրության ուղերձ հղել։  Այս արձանը կառուցել ենք թե Հայաստանի, թե Իգդիրի ցեղասպանության հուշարձանների դեմ, քանի որ ցեղասպանության հուշարձաններն  արյան վրեժ են բորբոքում երկու ժողովուրդների միջեւ»,-նշել է Կարսի նախկին քաղաքապետը։

 Էրդողանի հայտարարությանը խիստ է պատասխանել արձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը, ով ասել է, թե Էրդողանը կնմանվի Թալիբանին, եթե քանդել տա խաղաղության հուշարձանը։ «Ինչպե՞ս եք աշխարհին բացատրելու, որ մարդկության եւ խաղաղության արձան եք քանդում։  Էրդողանը կդառնա աշխարհում առաջին վարչապետը, ով կքանդի խաղաղության հուշարձանը»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։

 Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել,  տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվում է Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

 Արձանն ունի 30 մետրից ավել բարձրություն, որը հավասար է 10 հարկանի շենքի բարձրությանը եւ կշռում է մոտ 1500 տոննա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news