News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք կհանդգնենք ԵԽ–ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու կառավարության նախաձեռնությանը եւ ընդդիմության քննադատությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերը դռնբաց են, որը Եվրոպայի խորհրդի պառլամենտն է: Ժողովրդավարության խնդիր չկա, ավելին՝ վստահ եմ, որ լավ գիտեք, որ ԵԽ շատ հանձնաժողովների նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ անում է բացառապես պառլամենտական վեհաժողովը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորմանը, ըստ որի նախարարն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության հրապարակել կառավարության նիստում քննարկման ընթացքը, Կոստանյանն ասաց, որ նման դրույթով չի սահմանափակվում նախարարի ձայնի իրավունքը կամ ժողովրդավարությունը. «Սա օրինակ է, որը վերացված է նախարարների կոմիտեից: ԵԽ նախարարների կոմիտեի անդամն իրավունք չունի լուսաբանել նախարարների կոմիտեի ընթացքում քննարկվածը, թե ով ինչ կարծիք ուներ, ինչ քննարկում գնաց: Այսինքն՝ այն սկզբունքները, որոնք մենք ներառել ենք մեր կառավարության գործունեության մեջ, կամայական չեն: Վերցված չէ այս կամ այն երկրի օրինակը, քանի որ կարևորը սկզբունքն է, իսկ մենք գործել են՝ ԵԽ օրինակն աչքի առաջ ունենալով, որն անվիճելի հեղինակություն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Սա առաջացրել է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի դժգոհությունը:  Կառավարության ներկայացուցիչները այս կարգավորումը հիմնավորում են նրանով, որ փակ նիստում շատ ավելի անկաշկանդ եւ բաց քննարկում տեղի կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ