Forbes ամսագիրը հրապարակել է 2018 թվականի միլիարդատերերի վարկանիշը: Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եւ ներդրող Ուորեն Բաֆեթը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում հայտնվել էր անցյալ տարի, այս տարի նա դարձել է Forbes-ի վարկանիշի առաջին եւ առայժմ միակ մարդը, ում կապիտալը 12 նիշանոց թիվ է յազմում՝ 112 միլիարդ դոլար: Նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 39 միլիարդ դոլարով: Սա պատմության մեջ ամենամեծ թռիչքն է, գրում է պարբերականը:

Բիլ Գեյթսի կարողությունը Forbes-ի վարկանիշի կազմողները 90 միլիարդ դոլար են գնահատել, իսկ եւ Բաֆեթի կարողությունը՝ 83 միլիարդ դոլար: Բեզոսի արդյունքն անակնկալ չէր. հունվարի սկզբին նա կարողության չափով պատմական ռեկորդ էր սահմանել, որը նախկինում պատկանում էր Գեյթսին: Այդ ժամանակ Forbes-ը Բեզոսի կարողությունը 104.4 մլրդ դոլար էր գնահատել, Գեյթսինը՝ 92 մլրդ դոլար:

Փետրվարի կեսերին Amazon-ն առաջին անգամ շուկայական արժեքով առաջ անցավ Microsoft-ից եւ ընդգրկվեց աշխարհի ամենաթանկ երեք ընկերությունների շարքում. Amazon- ի շուկայական արժեքը 702.46 միլիարդ դոլար էր կազմել, Microsoft-ինը՝  700.56 միլիարդ:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում ֆրանսիացի գործարար Բեռնարդ Արնոն է՝ Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահը, որն անցյալ տարի եւ նախանցյալ տարի նույնիսկ չէր ներառվել աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում: Մեկ տարում նրան հաջողվեց ավելի քան 30 միլիարդ դոլար վաստակել, այժմ նրա հարստությունը 72 միլիարդ դոլար է գնահատվել: Աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 71 մլրդ դոլար կարողությամբ: Zara-ի հիմնադիր, իսպանացի Ամանսիո Օրտեգան (70 միլիարդ դոլար) եւ մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմը (67 միլիարդ դոլար) Forbes-ի վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականներում:

Ամերիկացի գործարարներ Չարլզը եւ Դեվիդ Քոչ եղբայրները յուրաքանչյուրի մոտ 60 միլիարդ դոլարով կիսում են ութերորդ եւ իններորդ տեղերը: Նրանք համատեղ տնօրինում եւ կառավարում են Koch Industries խումբը, որն ԱՄՆ-ի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկն է համարվում:

Տասնյակը եզրափակում է  Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը: Էլիսոնը լքել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը 2014 թվականին, սակայն շարունակում է զբաղեցնել տնօրենների խորհրդի նախագահի եւ տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նրա կարողությունը Forbes-ը 58,5 միլիարդ դոլար է գնահատել: