News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կանանց միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով: Կանանց միջազգային օրվա 2018 թ. կարգախոսն է «Հիմա գործելու ժամանակն է. գյուղական եւ քաղաքային ակտիվիստները վերափոխում են կանանց կյանքը»:

Այս տարի Կանանց միջազգային օրը հետեւելու է նախադեպը չունեցող գլոբալ շարժմանը՝ նվիրված կանանց իրավունքներին, հավասարությանը եւ արդարությանը։ Կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, բռնության եւ խտրականության խնդիրը դարձել է ԶԼՄ-ների եւ հասարակության լայն շերտերի քննարկման առարկա` խթանված լինելով փոփոխություն մտցնելու աճող վճռականությամբ։

Հայաստանում նույնպես գենդերային հավասարության, ընտանեկան բռնության եւ կանանց հզորացման հարցերը կարեւոր տեղ են զբաղեցնում ինչպես կառավարության օրակարգում, այնպես էլ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW), Համընդհանուր պարբերական զեկույցի (UPR) մշտադիտարկող մարմնի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված հանձնարարականներում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում ասվում է.

«Մենք գտնվում ենք կանանց իրավունքների պաշտպանության վճռորոշ փուլում: Առավել, քան երբեւէ բախվում ենք պատմական եւ կառուցվածքային անհավասարությունների, որոնք նպաստում են ճնշումների եւ խտրականության ավելացմանը։ Լատինական Ամերիկայից մինչեւ Եվրոպա եւ Ասիա սոցիալական ցանցերում, կինոնկարահանման հրապարակներում, արտադրական ձեռնարկություններում եւ փողոցներում կանայք տեւական փոփոխությունների եւ սեռական բռնության, ոտնձգության ու ամեն տեսակի խտրականության հանդեպ անհանդուրժողության կոչ են անում:

Գենդերային  հավասարության հասնելը, կանանց եւ աղջիկների իրավունքների  առաջխաղացումը ներկայիս շարունակական գործընթացներից է եւ աշխարհում՝ մարդու իրավունքների նկատմամբ  ամենամեծ մարտահրավերը:

Կանանց սերնդեսերունդ ակտիվ գործունեությունն ու քարոզչությունը տվել են իրենց պտուղները: Դպրոցում ավելի շատ աղջիկներ են սովորում, քան երբեւէ, ավելի շատ կանայք են վարձատրվող աշխատանք կատարում եւ ղեկավարի պաշտոն զբաղեցնում մասնավոր սեկտորում, գիտական ոլորտում, քաղաքականության մեջ եւ միջազգային կազմակերպություններում՝  այդ թվում եւ ՄԱԿ-ում: Գենդերային հավասարությունն ամրագրված է բազմաթիվ օրենքներում, եւ այնպիսի  վնասակար գործողություններ, ինչպիսիք են կանացի սեռական օրգանների խեղումն ու երեխաների ամուսնությունները, շատ երկրներում արգելված են օրենքով:

Սակայն, դեռեւս առկա են լուրջ խոչընդոտներ խտրականության եւ շահագործման հիմքում ընկած հնարավորությունների պատմական անհավասարության  դիմակայման հարցում։  

Աշխարհում միլիարդավոր կանայք իրավապես պաշտպանված չեն ընտանեկան սեռական բռնությունից: Համաշխարհային մակարդակով աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը 23 տոկոս է՝ գյուղական վայրերում հասնելով մինչեւ 40 տոկոսի, իսկ մեծ թվով կանանց կատարած չվճարված աշխատանքի մասին նույնիսկ հայտնի չի դառնում: Կանանց ներգրավվածությունն ազգային խորհրդարաններում միջինում մեկ քառորդից պակաս է, իսկ ղեկավար մարմիններում՝ այդ  ցուցանիշն էլ ավելի ցածր է: Եթե չձեռնարկվեն համաձայնեցված գործողություններ, հաջորդ տասնամյակում միլիոնավոր աղջիկներ սեռական օրգանների խեղման կենթարկվեն:

Այնտեղ որտեղ օրենքներ կան՝ հաճախ անտեսվում են, եւ իրավական պաշտպանություն հայցող կանանց հաճախ կասկածանքով են վերաբերվում, զրպարտում ու մերժում: Ներկայումս հայտնի է, որ սեռական  ոտնձգությունների եւ բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում եւ մասնավոր տներում, այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության հարցում գրանցած իրենց ցուցանիշներով:

ՄԱԿ-ը պետք է  օրինակ ծառայի ամբողջ աշխարհին:

Ես հավատացած եմ, որ միշտ չէ, որ այսպես է եղել: Անցյալ տարի՝  պաշտոնավարման մեկնարկիցս ի վեր,  ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, խաղաղապահ առաքելություններում եւ աշխարհի մեր բոլոր գրասենյակներում ես փոփոխությունների սկիզբ եմ դրել:

Ներկայումս, առաջին անգամ ավագ կառավարման իմ թիմում գենդերային հավասարության ենք հասել, եւ ես նպատակ ունեմ հասնել նման հավասարության ամբողջ կազմակերպությունում: Ես լիովին հավատարիմ եմ սեռական ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողության գաղափարին եւ ծրագրում եմ բարելավել զեկուցումների ու հաշվետվությունների ընթացակարգերը: Մենք սերտորեն համագործակցում ենք աշխարհի բոլոր երկրների հետ կանխարգելելու եւ լուծելու խաղաղապահ առաքելությունների աշխատակիցների կողմից գործադրվող սեռական շահագործման ու բռնության խնդիրը եւ աջակցելու տուժածներին:

Մենք՝ ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներս,  աջակից ենք աշխարհի բոլոր կանանց անարդարությունների վերացման դեմ նրանց պայքարում․ լինեն նրանք թե՛ գյուղաբնակ կանայք, ովքեր բախվում են վարձատրման խտրականությանը, թե՛ քաղաքաբնակ կանայք, ովքեր փոփոխությունների են ձգտում, թե՛ փախստական կանայք, ում  սպառնում է շահագործման եւ բռնության վտանգը, եւ թե՛ կանայք, ովքեր խտրականության փոխկապակցված ձեւերի են հանդիպում՝ այրիներ, տեղաբնիկ կանայք, հաշմանդամություն ունեցող եւ գենդերային նորմերին չհամապատասխանող կանայք։

Կանանց իրավունքների առաջխաղացումը եւ հնարավորությունների ընդլայնումը Կայուն զարգացման 2030-ի օրակարգի հիմնաքարն է: Կայուն զարգացման նպատակների առաջընթացը նշանակում է առաջընթաց բոլոր կանանց  համար եւ՝ ամենուր: Եվրամիության հետ համատեղ մեկնարկած «Spotlight» նախաձեռնությունն , իր ռեսուրսներն ուղղելու է կանանց եւ աղջիկների նկատմամբ  բռնության նվազեցմանը, ինչն էլ հավասարության եւ իրավունքների առաջխաղացման ու հնարավորությունների ընդլայնման  նախապայմանն է:

Կցանկանայի  հստակեցնել․ սա կանանց հանդեպ բարեհաճություն չէ: Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաեւ բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց եւ տղաների, կանանց եւ աղջիկների: Գենդերային անհավասարությունը եւ կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում :

Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների եւ նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց  ներգրավվածությամբ  խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն եւ տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները եւ աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը  օգտավետ են բոլորիս համար:

Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը էական են, որպեսզի կանայք կարողանան հասնել իրենց ներուժի ամբողջական գործադրմանը եւ  զարգացում ապահովեն մեր բոլորիս համայնքներում, հասարակության մեջ եւ տնտեսություններում:

Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, եւ հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում եւ ողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ UNODC-ն, պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին
Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում...
Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է. ՄԱԿ
Զեկույցում նշվում է նաև, որ անհավասարության պատճառով Հայաստանի կորուստները կազմում են 8,3%...
Մանկական մահացությունն աշխարհում հասել է ռեկորդային ցածր մակարդակի. ՄԱԿ
Մանկական մահացության ռեկորդային ցածր մակարդակ աշխարհում...
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը. Նարեկ Մկրտչյան
Կանանց և աղջիկների տնտեսական զորեղացումը գենդերային հավասարության ապահովման ու աղքատության հաղթահարման բանալին է: Կանանց աղքատության…
Թուրք նախարարը բոյկոտել է իսրայելցի գործընկերոջ ելույթը ՄԱԿ-ում
Օրերս Նեթանյահուն նախատել էր Էրդողանին․․․
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին
Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական…
Ամենաշատ