News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 7-ին,  ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Լիոնի քաղաքապետին եւ նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երեւանում՝ Հանրապետության նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել բազում հաջողություններ։

Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաեւ իրենցը այն պարզ պատճառով, որ դրանք հայ-ֆրանսիական բարեկամության կարեւոր բաղկացուցիչն են: Այն, որ քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը Ֆրանսիայի արժանավոր քաղաքացի է եւ հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, պարոն Ժորժ Կեպենեկյանն ապացուցել է իր անցած ճանապարհով եւ գործունեությամբ:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ քաղաքապետն իր փորձն ու ունակությունները լավագույնս կծառայեցնի ինչպես Լիոնի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների սերտացման, այնպես էլ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհավորել է Լիոնի քաղաքապետին՝ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ, որը, նրա գնահատմամբ, Ժորժ Կեպենեկյանն իր գործունեությամբ է վաստակել:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընդամենը մեկ ամիս առաջ Փարիզ կատարած իր այցը եւ առաջին հանդիպումը նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաեւ 2017թ. գարնանը Լիոն կատարած այցելությունն ու հետաքրքիր զրույցը Լիոնի նախկին քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժերար Կոլոնի հետ:

Անդրադառնալով առանձնաշնորհյալ համարվող բարձր մակարդակի հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նախագահն ընդգծել է, որ բարեկամությունը սահմաններ չունի, եւ երկու երկրները մշտապես պարտավոր են ընդարձակել համագործակցությունն ու տարեցտարի ամրապնդել հարաբերությունները:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար: Քաղաքապետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ներգրավել է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների, որոնց օգնությամբ հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում՝ այդպիսով փոխհարաբերությունների մի նոր էջ բացելով ինչպես Երեւանի ու Լիոնի, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջեւ: Լիոնի քաղաքապետը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ունեցած՝ իր բնորոշմամբ՝ արգասաբեր հանդիպումների ու մի շարք ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված համագործակցության պայմանավորվածությունների մասին:

Քաղաքապետ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները եւս իրենց տպավորություններն են ներկայացրել երեւանյան հանդիպումներից՝ ընդգծելով, որ փոխգործակցության մեծ ներուժ են տեսնում քրիստոնեության օրրան Հայաստանի հետ եւ վստահ են, որ պատմական մեծ ժառանգությամբ ու դարավոր հարուստ մշակույթով Հայաստանն ավելի մեծ լավատեսությամբ կարող է նայել ապագային:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ այս տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ կարեւոր միջոցառման կազմակերպմանը, քանզի համարում է, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձեւավորված կառույց չէ, այլ առաջին հերթին առաջադեմ քաղաքակրթական արժեքային համակարգ, որն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության քաղաքակրթության ու առաջընթացի գործում, որի կրող է նաեւ հայ ժողովուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ