News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջեմմա Հարությունյանը մոտ երկու տարի էին ինչ ղեկավարում է Շիրակի մարզի Ամասիա համայնքը։ NEWS.am-ի հետ զրույցում կին համայնքապետն անկեղծացավ, որ սկզբում այնքան էլ միանշանակ չէր ընդունվում  իր համայնքապետի պաշտոնը զբաղեցնելու փաստը։

«Իմ մտերիմներն ու հարազատները առաջարկեցին, որ թեկնածությունս դնեմ, ես էլ դրեցի թեկնածությունս եւ ընտրվեցի։ Սկզբում միանշանակ չէր ընդունվում թեկուզ գյուղացիների կողմից, սակայն հետո, աշխատանքի ընթացքում զգացի, որ արդեն նորմալ են նայում, որ համայնքն ունի կին ղեկավար»,- պատմեց Ջեմմա Հարությունյանը։

Կին համայնքապետը նշեց, որ առանձնապես դժվարությունների չի հանդիպում աշխատանքում, ընդհակառակը,  մի բան էլ ընդառաջում են՝ որպես կին համայնքապետ։

«Ինձ ավելի ջերմ են վերաբերում, ավելի շուտ եմ կարողանում իմ հարցերը լուծել, քան տղամարդ համայնքապետերը, ինչ-որ խնդիրների չեմ հանդիպել մոտ 2 տարիների ընթացքում»,- պատմեց Ջեմմա Հարությունյանը։

Տիկին Հարությունյանի խոսքով՝ կանայք ավելի շրջահայաց են եւ շատ հարցերի դեպքում կանանց կարծիքը էապես տարբերվում է տղամարդկանց կարծիքից եւ այդ առումով ավելի արժեքավոր է։

«Օրինակ մեր համայնքում  ավագանին հիմնականում տղամարդկանցից է կազմված եւ կցանկանայի, որ կանայք էլ ներգրավված լինեին համայնքի հետ կապված աշխատանքներում, քանի ուր շատ հարցերում, օրինակ սոցիալական, կրթական հարցերում ավելի լավ առաջարկություններ կարող են անել, քան տղամարդիկ»,-ասաց նա։

Ջեմմա Հարությունյանը հայ կանանց մաղթեց անձնական եւ ընտանեկան կյանքում մեծ հաջողություններ եւ ծաղկաշատ մարտի 8-եր։

Տպել
Ամենաշատ