News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Ներկայացնելով Սյունիքի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, մանրածախ ապրանքաշրջանառությանը՝ 19.4 մլրդ դրամ, վճարովի ծառայություններինը՝ 35.5 մլրդ դրամ:

Զարգացման ներդրումային եւ վարկային ծրագրերի շրջանակում իրականացվել է 40.2 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 573 հիմնական աշխատատեղ: 2018թ. նախատեսվում է 52.2 մլրդ դրամի ներդրում եւ 1077 ոչ գյուղատնտեսական աշխատատեղի ստեղծում: Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի շրջանակում Կապանում «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ-ի ջանքերով արդեն գործում է իտալական պիցցայի արտադրության ձեռնարկություն, ստեղծված է 10 աշխատատեղ, 2018 թ. նախատեսվում է ունենալ մոտ 70 աշխատատեղ: Ներդրվել է 500 հազ ԱՄՆ դոլար, սարքավորումները ներկրվել են Իտալիայից: Ձեռնարկությունը ստացել է «Հալալ»-ի սերտիֆիկատ, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Իրան: Կապանում բացվել է մուլտի բրենդ աութլեթ խանութ. ներդրվել է 20 մլն դրամ, ստեղծվել է 10 աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ արդեն դիմել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարարություն, որպեսզի մրցույթ հայտարարվի Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղու համար, որի նպատակը Իրանի Արազ ազատ տնտեսական գոտու ներկայացուցչության հետ համագործակցության զարգացումն է:

Սկսվել է Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրի շինարարությունը. նախատեսվում է շուրջ 4.5 մլրդ դրամի ներդրում, 15-25 աշխատատեղի ստեղծում: Մարտի 15-ին Կապանում կբացվի գերմանական արտադրության կինոտեխնիկայով հագեցած կինոթատրոն. ներդրումների ծավալը կազմում է 140 մլն դրամ, կստեղծվի 10-15 աշխատատեղ: 2018 թ. Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում կսկսի աշխատել մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան (100 աշխատատեղ, արտահանման շուկան՝ Ուկրաինա): 

Զբոսաշրջության ծրագրերի շրջանակում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2018-2025 թթ. «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը՝ 25-26 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով. 2018թ. ներդրումների ծավալը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, ստեղծվելիք աշխատատեղերի թիվը՝ 100: Տաթեւ համայնքում նախատեսվում է սկսել էքստրիմ կենտրոնի շինարարություն, որը ներառելու է նաեւ զիփլայն համալիր: Ներդրումային ծրագրի արժեքը 1,7 մլն ԱՄՆ դոլար է. այն կիրականացվի 3 փուլով, յուրաքանչյուրի տեւողությունը՝ 1 տարի, կստեղծվի 130 աշխատատեղ. 2018 թ. ներդրումները կկազմեն 1 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ 40: Ընդհանուր առմամբ մասնավոր ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում 2018 թ. ակնկալվում է բիզնես ոլորտի աճ 15 տոկոսով:

Զեկուցվել է, որ 2017 թ. համայնքային ցուցանիշները հետեւյալն են. մարզի 8 համայնքի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,685,7 մլն դրամ՝ 2016թ. համեմատ 21,2 տոկոս ավելի: Այս տարի նախատեսվում է հավաքագրել 1902.9 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է այլ մարզերի ցուցանիշների հետ համեմատական վերլուծություն անցկացնել՝ բազաները ճշգրտելու եւ սեփական եկամուտների կատարողականի բարձր մակարդակ ապահովելու համար:

Աղբահանության գումարների հավաքագրման ծավալը 2017 թ. կազմել է 229.4 մլն դրամ, ծախսը՝ 310.4 մլն դրամ. հավաքագրումն ընդհանուր ծախսի նկատմամբ կազմել է 74 տոկոս: 2018 թ. նախատեսվում է հավաքագրել շուրջ 284.6 մլն դրամ, ծախսը՝ 357,2 մլն դրամ. հավաքագրումն ընդհանուր ծախսի նկատմամբ՝ 80 տոկոս: 2017 թ. աղբահանության ծառայություն է մատուցվել մարզի 15 բնակավայրում, բնակչության թիվը՝ 104300 մարդ: 2018 թ. նախատեսվում է  բնակավայրերի թիվը հասցնել 33-ի, բնակչության թիվը՝ 117200-ի (մարզի բնակչության 84,5 տոկոսը): Տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1862 պայմանագիր, մինչեւ 2018 թ. մարտի վերջ նախատեսվում է ավարտին հասցնել պայմանագրերի կնքման գործընթացը՝ այդ ցուցանիշը հասցնելով 2000-ի։ Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների եւ խնդիրների ձեւակերպման կոնկրետության կապակցությամբ՝ հորդորելով շարունակել նույն տեմպով:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբերյալ զեկուցվել է, որ մարզում առկա է 1113 հա պտղատու այգի, որից 25 հա-ն ինտենսիվ այգիներ են, մնացած 1028 հա-ն՝ ավանդական, որոնց շուրջ 60 տոկոսը ենթակա է թարմացման: 2018 թ. նախատեսվում է ինտենսիվ այգիների մակերեսն ավելացնել եւս 45 հա-ով՝ դարձնելով 70 հա: Մարզում գործում է 5 սպանդանոց, 2018թ. նախատեսվում է կառուցել եւս 3-ը, 1-ի շինաշխատանքներն սկսվել են: 2017 թ. տարբեր ծրագրերով ձեռք է բերվել 48 միավոր գյուղտեխնիկա. ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող լիզինգի ծրագրով ձեռք է բերվել 3 տրակտոր եւ 6 գյուղգործիք, 2018 թ. նախատեսվում է լիզինգով ձեռք բերել եւս 9 միավոր տեխնիկա, ներկայացվել է 7 հայտ: 2018 թ. նախատեսվում է 1.2 մլրդ դրամի ներդրում, 500 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է 5 տոկոս աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018 թ. համար պետք է ավելի բարձր նշաձող դնել՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում առկա հնարավորությունները եւ հանձնարարել ակտիվ աշխատել ֆերմերների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ ինտենսիվ այգիների, կաթիլային համակարգի, լիզինգի ծրագրերի համանմանությամբ նույնպիսի ծրագիր է պատրաստվել նաեւ անասնապահության ոլորտի համար. այն կներկայացվի մարտի 15-ին, եւ ֆերմերներին պետք է տեղյակ պահել այդ մասին: «Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետեւ  Իրանի շուկան շատ մեծ է: Իրանի հետ մենք ունեցել ենք բավական արդյունավետ խոսակցություն: Մենք Իրան արտահանում ենք ընդամենը 25 մլն ԱՄՆ դոլար ապրանք առանց էներգետիկայի՝ այն պարագայում, երբ Իրանը ներմուծում է 41.5 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք: Պայմանավորվել ենք արտահանող-ներմուծող ընկերություն ստեղծել եւ աշխատել ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը հենց այդ շուկային սահմանակից լինելու հանգամանքը պետք է լինի», - ասել է Կարեն Կարապետյանը: 

Սյունիքի մարզում ոռոգելի հողատարածքների ծավալը 8.2 հազ. հա է, փաստացի ոռոգվում է 4700 հա. չոռոգման հիմնական պատճառը ներքին ցանցերի բացակայությունն է: Մարզպետի խոսքով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկվել է Մեղրու տարածաշրջանում ջրամբարի կառուցման հարցը: Այժմ ուսումնասիրության փուլում են նախագծային փաստաթղթերը, ծրագրի նախնական արժեքը մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար է: Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է. «Ջրամատակարարման ապահովման հարցը մեզ համար թիվ մեկ թեման է լինելու, այսինքն՝ մենք հիմա ինչքան գումար խնայողություն անենք եւ ինչքան ավելի հավաքենք, հիմնական մասն ուղղելու ենք ջրամատակարարմանը: Մեր ջրային ռազմավարության մի մասը հետեւյալն է. խոշոր ջրամբարներից անցում կատարել փոքր ու միջին ջրամբարաշինությանը՝ ներգրավելով մասնավոր բիզնեսին: Ծրագրով 11 ջրամբար է ընտրված՝ բիզնես տրամաբանությամբ: Մենք կսուբսիդավորենք ջրամբարի ծրագիրը՝ կամ գնելու, կամ կառուցելու ժամանակ: Եթե, ասենք, պայմանականորեն 10 միլիոնանոց ծրագիր է, եւ բիզնեսը ֆինանսավորում է 7 մլն-ը, ապա պետությունը կսուբսիդավորի 3 մլն-ը: Արդյունքում կունենանք 10 միլիոնանոց ջրամբարի բանաձեւ եւ ոչ բարձր սակագին: Ես ջրամբարների ծրագրին հավատում եմ եւ պետություն-մասնավոր համագործակցության ամենաարագ արդյունք տվող ծրագրերից մեկն եմ համարում», - նշել է կառավարության ղեկավարը՝ առաջարկելով Սյունիքի մարզի բիզնես կառույցների հետ քննարկել եւ կառավարություն ներկայացնել բիզնես ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում
Չնայած սրան՝ գործարանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունն ի վերջո...
Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
11 ամսում անհատ տաքսի վարելու 579 նոր լիցենզիա է տրվել
Քաղաքացիներից ստացված դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում...
Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար. Եմ դեսպան
«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար», - ասաց նա....
Հայաստանն արեւելյան գործընկերության երկրների շրջանում ՀՆԱ-ում ՓՄՁ-ի մասնաբաժնով աութսայդերների թվում է. Սվիտալսկի
Երեք տարի առաջ ՓՄՁ-ն Հայաստանում համարվում էր սոցիալական խնդիրներ լուծելու, աղքատության եւ գործազրկության դեմ պայքարի գործիք....
Դոլարի փոխարժեքը նվազել է 485 դրամից. Եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ամենաշատ
Partner news