News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Չինաստանի ռազմական ներուժի աննախադեպ աճը, անկասկած, լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա խոսքով, Ռուսաստանի համար Չինաստանը եւ նվազագույնը, իր հարավ–արեւելյան հարեւանը սպառնալիք կարող են ներկայացնել Հեռավոր Արեւելքում. «Չինաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան ԱՄՆ–ն։ Քանի որ Չինաստանին, օբյեկտիվ պատճառներով, ուղղակի անհրաժեշտ է արտաքին էքսպանսիան, նրան պետք են նաեւ տարածք եւ ռեսուրսներ։ Ընդ որում, Չինաստանը օբյեկտիվորեն ավելի մեծ սպառնալիք է Ռուսաստանի համար, քան ԱՄՆ-ն, քանի որ Մոսկվան եւ Պեկինն ունեն ընդհանուր սահման եւ հսկայական տարածություն անսահման ռեսուրսներով, Ռուսաստանի ոչ մեծ բնակչության պայմաններում»,–պարզաբանել է Խրամչիխինը։

Միաժամանակ, ռազմական փորձագետի կարծիքով,  ակնհայտ է, որ Վաշինգթոնին դուր չի գալիս Չինաստանի էքսպանսիան Հեռավոր Արեւելքում, սակայն, ԱՄՆ–ն հազիվ թե աջակցի Ռուսաստանին եւ ուղղակի մի կողմ կքաշվի, չնայած ՉԺՀ-ի ռազմական եւ տնտեսական ներուժը Վաշինգթոնին անհանգստացնում է ավելի շատ, քան ցանկացած այլ երկրի ռազմական եւ տնտեսական ներուժը: Այդպիսով, Խրամչիխինի համոզմամբ, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հակամարտությունը ձեռք կտա ամերիկացիներին եւ ավտոմատ գործիք կդառնա Վաշինգթոնի ձեռքին։

Ճապոնիայի դիրքորոշման եւ շահերի մասին խոսելով՝ փորձագետն  ընգծել է, որ Տոկիոն, չնայած Պեկինի հետ ծայրահեղ բարդ հարաբերություններին, չունի անհրաժեշտ ուժ, միջոցներ եւ ռեսուրսներ միայնակ Չինաստանի աճող ռազմական եւ տնտեսական հզորությանը դիմակայելու համար, չնայած բազմամարդ, հզոր եւ ժամանակակից ռազմածովային նավատորմի առկայությանը. «Ճապոնիային օգնում է իր դիրքը: Այսինքն, Ճապոնիայի տարածք ներխուժելը ինքնին բավականին բարդ կլինի: Սակայն, մյուս կողմից, ճապոնացիները նույնպես չունեն խոշոր ռազմական ներխուժման հնարավորություն: Նրանք ունեն բավականին հզոր նավատորմ, սակայն բավականաչափ թույլ են զինտեխնիկայի մյուս տեսակները: Ավելին, ճապոնական հասարակությունում, ինչպես Եվրոպայում, պացիֆիզմի միտումները բավականին ուժեղ են, ինչը չի նպաստում պայքարի  մեջ մտնելու ձգտմանը»,–նշել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Չինաստանը կփորձի Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից, ռազմական փորձագետն ասել է, որ դա արդեն տեղի է ունենում, եւ Կրեմլը չի էլ թաքցնում իր դժգոհությունը այդ հարցով, չնայած երկու երկրների ռազմավարական գործընկերության եւ աննախադեպ լավ հարաբերությունների մասին հռետորաբանությանը:

Ավելի վաղ, ԱՄՆ հետախուզությունների ազգային ծառայության ղեկավար Դեն Կոտուսը  հայտարարել էր, որ Չինաստանը մեծ գումարներն է ծախսում իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, որն անհանգստացնում է հարեւաններին եւ սպառնում ԱՄՆ ազդեցությանը։  Բացի այդ, նրա խոսքով, Չինաստանը մտադիր է 8 միլիարդ դոլար ծախսել 68 երկրներում` իր ռազմավարական տեղակայման համար, ընդ որում, ոչ միայն տնտեսական եւ առեւտրային նպատակներով, այլեւ ռազմական օբյեկտների օգտագործման համար:

Երկուշաբթի Չինաստանի Պետական կոմիտեի ղեկավար Լի Կեցյանը Համաչինական ժողովի նիստին հայտնել է ժողովրդական ներկայացուցիչներին, որ Պեկինը 8.1 տոկոսով կավելացնի պաշտպանական հատկացումները 2017 թվականի համեմատ։ Այն կկազմի 1.1 տրիլիոն յուան (175 մլրդ դոլար) ։ Այդ ցուցանիշով Չինաստանն աշխարհում երկորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով  ԱՄՆ–ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news