News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 14-15-ին Բաքվում սպասվում է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Առայժմ հայտնի է միայն հանդիպման հավանականության մասին, թե ինչ օրակարգով են հանդիպելու նախարարները՝ դեռեւս հստակ մանրամասներ չկան: Սակայն հանդիպման փաստն ինքնին բավականին հետաքրքիր է:

Հայաստանը դուրս է մնում այդ ամենից միանգամայն հասկանալի պատճառներով, եւ այստեղ նաեւ հստակ է, որ մեծ հաշվով Երեւանի մասնակցությունն այդօրինակ ֆորմատներին արգելափակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ, որոնք առաջադրում են բոլորիս հայտնի պայմանները ղարաբաղյան խնդրում: Հայաստանի համար դրանք բացարձակապես ընդունելի չեն, եւ իհարկե անընդունելի է, որպեսզի Երեւանն այդ գնով փորձի, այսպես ասած, ճեղքել թուրք-ադրբեջանական բլոկադան, որն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-դիվանագիտական բնույթ:

Այս տեսանկյունից, սակայն, նմանօրինակ ֆորմատները, որ ձեւավորվում են առանց Հայաստանի՝ երկարաժամկետ, թե կարճաժամկետ, Հայաստանից ուշադիր եւ մանրամասն դիտարկման պետք է արժանանան, սակայն ամենեւին ոչ խուճապի եւ իրարանցման, ապոկալիպտիկ եզրահանգումների: Սովորաբար, իհարկե, Հայաստանում լինում են այդօրինակ արձագանքներ, որոնք ամեն այդպիսի առիթով աղմկում են Հայաստանի դատապարտվածության եւ մեկուսացվածության մասին: Իրականում, սակայն, խնդիրը այլ տեղ է՝ Հայաստանը մեկուսացված եւ դատապարտված է, այլ հարց է, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի ջանքեր գործադրել իր, այսպես ասած, ֆորմատները նախաձեռնելու, զարգացնելու համար:

Այդ իմաստով, օրինակ, հետաքրքիր է, թե արդյոք Երեւանը փորձո՞ւմ է կազմակերպել այդպիսի հանդիպումներ եռակողմ ֆորմատով՝ Իրան-Հայաստան-Վրաստան, կամ թեկուզ քառակողմ՝ եթե հնարավոր լինի հանդիպման բերել վրացական եւ ռուսական կողմերին: Բոլոր դեպքերում խնդիրը անշուշտ ջանքերն են, աշխատանքը:

Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: Դա միանգամայն ռացիոնալ, իսկ գուցե նույնիսկ ուշացած քայլ էր: Միեւնույն ժամանակ հստակ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը, իր բոլոր ռիսկերով հանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքական բացառիկ նախաձեռնությունն էր, որը, սակայն, կարծես թե այդ իմաստով մնաց եզակի օրինակ: Եվ այժմ, երբ հայտարարվել է այդ նախաձեռնության ավարտի մասին, այն էլ խոշոր հաշվով ոչ լիարժեք արդյունավետությամբ ավարտի մասին, անհրաժեշտ է հասկանալ, թե հայկական արտաքին քաղաքականությունը ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական նշանակության էլ ինչ նախաձեռնություններ ունի իր ամբարում:

Համենայնդեպս, այդ իմաստով կա թափուր տեղ, եւ լավ կլինի, ու գուցե ոչ միայն լավ, այլեւ անհրաժեշտ կլինի, որ այդ թափուր տեղը լրացնի հենց Հայաստանը, ոչ թե որեւէ այլ սուբյեկտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ