News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում յուրաքանչյուր երիտասարդ պետք է այն երկրում եւ այն համալսարանում սովորելու հնարավորություն ունենա, որտեղ ցանկանում է, եւ նրան չպետք է խանգարեն ոչ մի արհեստական պատնեշներ ու խոչընդոտներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդական AEGEE-Europe հասարակական կազմակերպության նախագահ Լուիզա Ռատենը:

Նրա խոսքով՝ «Եվրոպան առանց սահմանների» գաղափարի հիմքում, որը կքննարկվի այսօր Երեւանում մեկնարկող AEGEE-ի կազմակերպած Եվրոպական ծրագրավորում-2018 գիտաժողովի ժամանակ, ընկած է Եվրոպայի տարածքում մարդկանց հավասար հնարավորությունների կոնցեպցիան՝ անկախ սեռից, սեական կողմնորոշումից, սոցիալական կարգավիճակից եւ այլն:

Ինչպես նշեց Լուիզա Ռատենը, այսօրվա դրությամբ Եվրոպայի երկրների միջեւ տեղափոխությունը որոշ մարդկանց համար ավելի դժվար է, քան մյուսների: Ավելին՝ աշխարհագրական սահմաններից բացի, կան նաեւ շատ այլ խոչընդոտներ, որոնք տարբեր երկրների երիտասարդներին խանգարում են փոխգործակցել եւ կրթություն ստանալ այլ երկրներում, որ հետո, իրենց հայրենիք վերադառնալով, իրենց փորձն օգտագործեն նրա զարգացման համար:

«Մենք կարծում ենք, որ մայրցամաքի բարգավաճման համար շատ կարեւոր է տարբեր երկրների երիտասարդների փոխգործակցությունը. նրանք պետք է շփվեն, ծանոթանան միմյանց կարծիքներին եւ մոտեցումներին: Այս ամենը կնպաստի ազգերի միջեւ ավելի արդյունավետ փոխգործակցությանը»,- ասաց նա:

AEGEE-ի երեւանյան գրասենյակից Արմինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա դրությամբ եվրոպական համալսարաններ ընդունված հայաստանցի ուսանողները հաճախ մի ամբողջ շարք խնդիրների են բախվում, օրինակ՝ նրանց կարող են ուղղակի մերժել վիզայի տրամադրումը՝ պատճառները չպարզաբանելով: Ավելին՝ ուրիշ երկիր միջազգային գիիտաժողովի մեկնելու համար հայ ուսանողը հաճախ ստիպված է մի ամբողջ ամիս դեսպանատան համար փաստաթղթեր հավաքել:

«Նման խնդիրներ չկան ո՛չ եվրոպական երկրներում, ո՛չ հարեւան Վրաստանում: Ժամանակն է, որ այս հարցը մենք էլ լուծենք»,- նշեց Արմինե Սահակյանը:

Հայաստանի կրության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այնպիսի ծրագրերի շրջանակում, ինչպիսին Էրազմուսն է,  մեծ թվով հայ ուսանողներ, այնուամենայնիվ, մեկնում են այլ երկրներում սովորելու: Իսկ ահա, այսպես կոչված, ներքին ակադեմիական շարժունակության հարցում, նախարարի խոսքով, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք. երիտասարդները, որպես կանոն, այստեղ չեն կարող մի համալսարանից մեկ ուրիշը տեղափոխվել:

Եվրոպական ծրագրավորման գիտաժողովը, որին մասնակցում են Եվրոպայի 25 երկրներից մոտ 200 երիտասարդներ, առաջին անգամ է Եվրոպայից դուրս՝ Հայաստանում անցկացվում: AEGEE-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կարծիքով՝ սա եվրոպացի երիտասարդներին Հայաստանը ցույց տալու, նրանց շրջանում այս երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ինչպես նաեւ նրանց հետ փորձի փոխանակում կատարելու հրաշալի հնարավորություն է: Գիտաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ հաջորդ տարվա ընթացքում AEGEE-ի գործունեության քննարկումը եւ կոմյունիկեի կազմումը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա մի շարք պաշտոնական գերատեսչություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ