News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017թ-ի մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող, Գինեսի ռեկորդակիր, հրազդանցի Արտակ Ռաֆայելյանի եղբայրը՝ Ժորա Ռաֆայելյանն այսօր Հրազդանում կազմակերպված հուշ ցերեկույթի ընթացքում ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով եղբորը:

Միջոցառումը կազմակերպել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ» ակումբների հրամանատար Նարեկ Սուքիասյանը:

Բացի Ժորայի ռեկորդից, մի քանի այլ ռեկորդներ էլ են գրանցվել, որոնք տեսնելու, գնահատելու եւ համապատասխանաբար գրանցելու համար Հրազդան էին եկել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ասոցիացիայի կողմից կազմավորված հանձնաժողովի անդամներ: Ցերեկույթին ներկա էին նաեւ Ապրիլյան պատերազմում զոհված հրազդանցի հերոսներ Վահեի եւ Սարգսի ծնողները:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, նախ Արտակի հիշատակին նվիրված ֆիլմ ցուցադրվեց, որից հետո Արտակին եւ Քառօրյա պատերազմի հերոսներին հետմահու պարգեւատրեցին «Երկրապահ կամավորների միության» Հրազդանի մասնաճյուղի կողմից, ապա սկսվեց ռեկորդների գրանցումը:

«Ժորան կատարում է 5 կգ կցագունդը երկու ձեռքին, մեջքին պառկած, ձեռքերը վերեւ, արտակորում վարժությունը: Նրա նախորդ ռեկորդը եղել է 2ժամ 40 րոպեում 3033 անգամ: Հիմա նա ցանկանում է գերազանցել իր ռեկորդը: Ի դեպ, ասեմ, որ այս վարժությունը նրա ստեղծագործությունն է եւ իր ծանրության ու տեսակի մեջ՝ միակը: Սա Ժորան է հորինել, մինչ Ժորան, ոչ ոք անգամ ռիսկ չի արել մոտենալ այս վարժությանը: Հուսով ենք, կգերազանցի ու նոր ռեկորդ կգրանցի»,- նշեց

Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

Արտակի եղբայրը՝ Ժորան, 2ժամ, 5 րոպեում գրանցեց նոր ռեկորդ՝ վարժությունը կատարելով 3060 անգամ, որը գրանցվեց Դյուցազնագրքում: Բացի Ժորայից այլ մարզիկներ եւս սահմանեցին ռեկորդներ՝ մասնավորապես Հրաչ Գուլոյանը բարձրացրեց 390 կգ քաշով ծանրաձողը՝ գերազանցելով նախորդ ռեկորդը՝ 350 կգ-ը, 10-ամյա Հրայրը մեկ րոպեում ցատկապարանով ցատկել է 263 անգամ, Արման Ալեքսանյանը՝ կանգնած դիրքում երկու ձեռքերում հինգ կիլոգրամանոց կցագնդերը բարձրացրել է մինչեւ ուսագոտի 3 ժամ 45 րոպեում 20022 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ