News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չնայած վերջին 20 տարիների ընթացքում արձանագրված զգալի առաջընթացին՝ Աշխատանքի միջազգային շուկայի (ԱՄԿ) տվյալները խոսում են աշխատաշուկայում կանանց եւ տղամարդկանց միջև պահպանվող անհավասարության, գործազրկության եւ աշխատանքային պայմանների մասին, հայտնում է ԱՄԿ-ն: Կանանց միջազգային օրվա նախօրեին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի մեծ մասում կանանց՝ աշխատաշուկայում մասնակցության հավանականությունը ավելի փոքր է, քան տղամարդկանց դեպքում, եւ կանանց շրջանում գործազուրկների թիվն ավելի մեծ է:

Կանայք ավելի շատ են վտանգված մնալ առանց աշխատանքի, քան՝ տղամարդիկ

«Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության հեռանկարներն աշխարհում. միտումները կանանց նկատմամբ. 2018 թվականի հակիրճ ամփոփումը» (World Employment and Social Outlook Trends for Women Snapshot 2018 ) զեկույցի համաձայն՝  աշխատուժում կանանց մասնակցության համաշխարհային մակարդակը, որը 2018 թվականին 48.5 տոկոս է կազմել, նախկինի պես 26.5 տոկոսով ավելի ցածր է, քանի՝ տղամարդկանց շրջանում: Բացի այդ, կանանց շրջանում գործազրկության գլոբալ մակարդակը 6 տոկոս է կազմում՝ մոտ 0,8 տոկոսով ավելին, քան՝ տղամարդկանց շրջանում: Այդպես, աշխատանք ունեցող յուրաքանչյուր 10 տղամարդու հաշվարկով միայն 6 աշխատող կին կա: Միեւնույն ժամանակ, փաստաթուղթում ներկայացված են տարբեր երկրների ցուցանիշների զգալի տարբերությունը՝ կախված բարեկեցության մակարդակից: Օրինակ, զարգացած երկրներում տղամարդկանց եւ կանանց շրջանում գործազրկության մակարդակի տարբերությունը համեմատաբար փոքր է: Արեւելյան Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում կանանց շրջանում գործազրկության մակարդակը նույնիսկ ավելի ցածր է: Եւ հակառակը՝ արաբական երկրներում եւ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ սոցիալական նորմերը խանգարում են կանանց վարձատրվող աշխատանք ունենալ, կանանց շրջանում գործազրկության մակարդակը երկու անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանց շրջանում:

Կանայք շահագործվում են առանց գրավոր աշխատանքային պայմանագրի

Նման տարբերությունների եւս մեկ օրինակ. կանանց եւ տղամարդկանց համար աշխատաշուկային մասնակցության խզումը կրճատվում է զարգացող եւ զարգացած երկրներում եւ նախկինի պես աճում է ձեւավորվող շուկայով երկրներում: Սակայն դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այդ երկրներում ավելի ու ավելի շատ երիտասարդ կանայք են սկսել ֆորմալ կրթություն ստանալ եւ, հետեւաբար, ավելի ուշ են աշխատաշուկա մուտք գործում: Կանայք չափազանց շատ են ոչ ֆորմալ հատվածում եւ քիչ են ղեկավար պաշտոններում:

Հակիրճ ամփոփման արդյունքները նաեւ վկայում են կանանց՝ տղամարդկանց համեմատ աշխատանքային պայմանների հաճախ ցածր որակի մասին: Օրինակ, տղամարդկանց համեմատ կանանց դեպքում ավելի քան երկու անգամ ավելի մեծ է որպես ընտանիքին օգնող աշխատելու հավանականությունը: Սա նշանակում է, որ նրանք աշխատում են շուկային միտված ընտանեկան բիզնեսում, շատ հաճախ՝ խոցելի պայմաններում եւ առանց գրավոր աշխատանքային պայմանագրի, առանց աշխատանքային օրենսդրությանը եւ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխանության:

Մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում զարգացող երկրներում ընտանիքին օգնող աշխատողների շրջանում կանանց մասնաբաժինը կրճատվել է, զարգացող երկրներում այս ցուցանիշը շարունակում է մնալ բարձր՝ 2018 թվականին կանանց շրջանում 42 տոկոս՝ տղամարդկանց շրջանում 20 տոկոսի համեմատ, եւ, կանխատեսումների համաձայն, մինչեւ 2021 թվականն իրավիճակը չի բարելավվի:
Արդյունքում, զարգացող երկրներում կանայք նախկինի պես լայնորեն ներկայացված են ոչ ֆորմալ հատվածում: Այս հետազոտության մեջ ներկայացված տվյալները հաստատում են նաեւ ԱՄԿ-ի նախորդ ուսումնասիրության արդյունքները, որի հեղինակները նախազգուշացնում էին աշխատավարձերի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում զգալի գենդերային խզման մասին: Ուսումնասիրելով սեփական բիզնեսն ունեցող կանանց հետ կապված իրավիճակը՝ փորձագետները նշել են, որ աշխարհում 2018 թվականին տղամարդ գործատուների թիվը 4 անգամ ավելի շատ է, քան կանանց դեպքում: Նմանատիպ խզում գրանցվել է նաեւ ղեկավար դիրքերում, որտեղ կանայք շարունակում են աշխատաշուկայում նման պաշտոններ զբաղեցնելու ճանապարհին խոչընդոտների բախվել:

Կանայք ավելի քիչ են ստանում

Գենդերային հավասարության եւ աշխատանքի ոլորտում կանանց իրատեսական նվաճումների իդեալական օրինակ են սկանդինավյան երկրները, որտեղ տղամարդկանց եւ կանանց աշխատավարձի տարբերությունը ամենափոքրն է: PwC զեկույցի տվյալների համաձայն՝ Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության (ՏԶՀԿ) երկրների շարքում առաջատարների եռյակը գլխավորում է Իսլանդիան, որին հաջորդում են Շվեդիան եւ Նորվեգիան:

Համաշխարհային տնտեսական համաժողովում նշվել է, որ Իսլանդիային եւ մյուս սկանդինավյան երկրներին հաջողվել է աշխատանքի վարձատրման գենդերային հավասարության հասնել՝ մասնավորապես, 2 ծնողներին էլ երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու հաշվին, այսինքն՝ փաստացի տղամարդկանց իրավունքներն ընդլայնելով: Ինչպես կազմակերպությունից պարզաբանել են, սա նպաստել է կնոջ՝ որպես տնային տնեսուհու եւ մոր դերի մասին պատկերացման փոփոխությանը եւ թույլ է տվել իսլանդացիների նոր սերունդ դաստիարակել, որը ընտանեկան եւ աշխատանքային ասպեկտներով սեռերի հավասարությունը բնական եւ ճիշտ է համարում:

Չնայած վերջին տարիներին ՏԶՀԿ  անդամ 35 երկրներում գրանցվում է կանանց աշխատանքի վարձատրման հետ կապված իրավիճակի բարելավում, մի շարք պետություններում իրավիճակը դեռեւս ճգնաժամային է: PwC հետազոտության արդյունքների համաձայն՝ գենդերային խզման վատ ցուցանիշներ ունեն Ճապոնիան եւ Կորեան. այնտեղ տղամարդիկ միջինը 25-40 տոկոսով ավելի  բարձր են վճարվում, քան կանայք: Կանանց աշխատավարձի եւ զբաղվածության ցածր մակարդակը կապում են երեխայի ծնվելուց հետո երիտասարդ մայրերի աշխատանքի վերադառնալուց հրաժարվելու, կնոջ դերի եւ նրանց ընդունակությունների նկատմամբ կարծրատիպերի հետ: Իրավիճակի վրա բացասաբար է ազդել նաեւ 2008 թվականի գլոբալ տնտեսական ճգնաժամը:

Գործազրկության մակարդակով Հայաստանն աշխարհում 14-րդ տեղում է. կանանց մակարդակը՝ 20.2 տոկոս

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների հիման վրա Stattur.ru-ն կազմել է երկրների ցանկը՝ ըստ 2017 թվականին գործազրկության մակարդակի: Տվյալները ներկայացված են ինչպես ըստ գործազրկության ընդհանուր մակարդակլի, այնպես էլ գենդերային տեղաբաշխման՝ գործազրկությունը տղամարդկանց եւ կանանց շրջանում: Գործազրկության մակարդակը նշված է 15 տարեկանը լրացած ամբողջ տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում:

Գործազուրների թվով առաջատարներն են՝ Պաղեստինը, ՀԱՀ-ը եւ Լեսոտոն. ամբողջ տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե երրորդ մասը աշխատանք չունի: Սիրիայում ու Բոսնիա եւ Հերցեգովինայում գործազրկությունն ահռելի չափերի է կին բնակչության շրջանում, որը հասնում է մինչեւ 40 տոկոսի: Բնակչությունն առավել զբաղված է այնպիսի երկրներում, ինչպիսին են Կամբոջան, Կատարը, Նիգերը եւ Բելառուսը: Այս երկրներում գործազրկության մակարադակը 0.5 տոկոսից չի անցնում:

Հայաստանում (14-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 18.2 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 16.4 տոկոս, կանանց շրջանում՝  20.2 տոկոս: Վրաստանում (37-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 11.6 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 13,8 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 8.9 տոկոս: Ադրբեջանում (113-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 5.0 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 4.4 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 5.7 տոկոս: Թուրքիայում (41-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 11.3 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 9.8 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 14.4 տոկոս: Իրանում (29-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 13.1 տոկոս. տղամարդկանց շրջանում  գործազրկությունը կազմում է 11.1 տոկոս, կանանց շրջանում՝ 21.7 տոկոս: ՌԴ-ում (110-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 5,2 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 5,4 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 4.9 տոկոս: Բելառուսում (185-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 0,5 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 0,5 տոկոս, կանանց շրջանում՝ 0,5 տոկոս: Ղազախստանում (116-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 4.9 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 4.2 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 5,6 տոկոս: Ղրղզստանում (73-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 7.3 տոկոս. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 6.3 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 8,8 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ