News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մարտի 11-ին Հայաստանի 7 մարզերի 20 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Նախնական տվյալներով՝ դրանց, ընդհանուր առմամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 44.91 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 74.35 տոկոս, ամենացածրը՝ Դաշտ եւ Մեծամոր համայնքներում՝ շուրջ 28 տոկոս: Համայնքի ղեկավարների ընտրությանը 9 թեկնածու առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը, 2 թեկնածու ուներ ԲՀԿ-ն, եւս 8 թեկնածու ինքնառաջադրվել էր: Ավագանու անդամի թեկնածուներ էլ առաջադրել էին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Ընդդիմադիր «Ելք» դաշինքն այս ընտրություններում ոչ մի թեկնածու չուներ:

Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները ԵԱՀԿ-ի առջեւ այդ երկրի ստանձնած պարտավորությունների խախտում են: Հայաստանի ԱԳՆ-ն այսպես է արձագանքել ադրբեջանական զինուժի վարժանքներին: Գերատեսչության խոսնակը թվիթերյան գրառմամբ պարզաբանել է, որ Բաքուն ԵԱՀԿ անդամ պետություններին չի տեղեկացրել զորավարժությունների մասին:

Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ զորավարժությունները միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու փորձ եւ քաղաքական հնարք են որակել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարզամանովը, սակայն, չի կարծում, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ Բաքուն շփման գծում իրավիճակի սրման կգնա: Նշենք, որ մարտի 12-17-ը անցկացվելիք լայնածավալ զորավարժություններին, ադրբեջանական աղբյուրների համաձայն, ներգրավված է, մասնավորապես, մինչեւ 25 հազար զինծառայող, ծանր զրահատեխնիկա, հրթիռահրետանային կայանքներ, ավիացիա: Այդ ընթացքում նախատեսվում է նաեւ նոր զինատեսակների կիրառում:

Իրանում թուրքական ուղեւորատար օդանավի կործանման հետեւանքով 11 մարդ է զոհվել՝ 8 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները: Զոհերի մարմիններն արդեն գտել են: Օդանավը Շարժա-Ստամբուլ չարտերային չվերթ է իրականացրել: Այն պատկանում էր թուրքական Başaran Holding ընկերությանը: Նշենք, որ օդանավում եղել են ընկերության ղեկավար, թուրք գործարար Հուսեյն Բաշարանի դուստրն ու նրա 7 ընկերները:

Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է Իրանի տարածքում եւ ընկել Շահրե-Քորդ քաղաքի մերձակայքում՝ Թեհրանից 400 կմ դեպի հարավ: Ընկնելուց հետո օդանավը հրդեհվել է: Վարկածներից մեկի համաձայն՝ ավիաաղետի պատճառ կարող էր դառնալ շարժիչի բռնկումը: Արդեն հայտնաբերել են նաեւ օդանավի «սեւ արկղը», առաջիկայում այն կփոխանցվի միջադեպը հետաքննող մարմիններին:

Հանրային քննարկման է դրվել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծը: Ճարտարապետներ Անահիտ Թարխանյանի եւ Արմինե Ղազարյանի նախագծած հուշարձանի նախատիպը կքննարկվի մինչեւ մարտի 17-ը, հետո միայն վերջնականապես կորոշվի, թե ինչ տեսք կունենա: Նախաձեռնողները ցանկանում են հուշարձանը տեղադրել Երեւանի Մաշտոցի պուրակում: Նախագիծն արդեն ուղարկել են քաղաքապետարան եւ հույս ունեն, որ հուշարձանը տեղադրելու թույլտվություն կստանան: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատը եւ հաց հասցրել զինված խմբի անդամներին: Առողջական խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, իսկ անազատության մեջ նրա վիճակը վատթարացավ: Հասարակական ճնշման ներքո Հաց բերողն ազատ արձակվեց, բայց օրեր անց վախճանվեց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է նոր՝ այսպես կոչված, «Իքս հիվանդության» գլոբալ համաճարակի հավանականության մասին: Գիտնականներն արդեն հետազոտում են առավել տարածված ախտածինները: Ըստ մասնագետների՝ «Իքս հիվանդության» դրսեւորման տարբեր աղբյուրներ կան. մշտապես փոփոխվող հայտնի վարակներ, կենդանիներից փոխանցվող վիրուսներ, ինչպես նաեւ արհեստականորեն ստեղծված վիրուսներ, օրինակ՝ կենսաբանական զենք, որը կարող են լաբորատորիաներից գողանալ: ԱՀԿ փորձագետները զգուշացնում են, որ նոր համաճարակը կարող է մարդկության համար նույնքան մահաբեր լինել, ինչպես 20-րդ դարասկզբին իսպանական գրիպը. 1918-1919 թվականներին դրա համաճարակի հետեւանքով մի քանի տասնյակ միլիոն մարդ է մահացել:

82 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասան Օլեգ Տաբակովը: Վերջին մի քանի ամիսներին արտիստը հիվանդանոցում էր: Անցյալ տարվա նոյեմբերից Տաբակովի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ էին ստացվում. նախ հաղորդվեց, որ դերասանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակն ավելի ծանր է, միացված է արհեստական շնչառության սարքին: Օլեգ Տաբակովը հանդիսատեսին հայտնի է «Պատերազմ եւ խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթները», «12 աթոռ» եւ այլ ֆիլմերից: Նրա ձայնը հայտնի է նաեւ մանուկներին. հնչյունավորել է Մատրոսկին կատվին «Երեքը Պրոստոկվաշինոյից» եւ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերում:

Հենրիխ Մխիթարյանը սկսել է տպավորիչ խաղ ցուցադրել Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում: Հայ ֆուտբոլիստը «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Քվեարկությունն անցկացվել է լոնդոնյան ակումբի թվիթերյան էջում: Լոնդոնում կայացած խաղում, որում «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես է եկել 78 րոպե եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 խաղերում Հենրիխ Մխիթարյանը մեկ գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Մարտի 12-ին դոլարը կայուն է եղել, եվրոն ավելի քան 5 դրամով էժանացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 46 լումա, ֆունտինը՝ 666 դրամ:

Մարտի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 3-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +0+2, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ