News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երեւանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի եւ Լիբանանի միջեւ բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարեւորում ենք բարեկամ Լիբանանի եւ Հայաստանի միջեւ բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, եւ այն պետք է հնարավորինս իրացնել», - ասել է ՀՀ վարչապետը:

Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առեւտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարեւոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի եւ Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաեւ, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի եւ այն առաջիկա տարիներին պահպանվելու է:

Հայաստանի վարչապետն ասել է նաեւ, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են  հայ-լիբանանական հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի  թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին:

Երկուստեք կարեւորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող եւ հարաբերություններն ամրապնդող օղակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ