Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Aysor.am-ի թղթակցին այս մասին ասել է հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրել է, որ ԱԺ նախագահի՝ այսօր ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։
Հարցին, արդյոք կան ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրումներ, Ա.Բաբայանն ասել է. «ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Հ.Թովմասյանի թեկնածությունը, որի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում»։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ «Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել վերջերս», - ասել է ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը։
Խորհրդարանի հերթական նիստերը կանցկացվեն մարտի 20-ից 23-ը։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային Ժողովը կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը: