Երեւանում ձերբակալվել է 26-ամյա տղամարդը, որը մեղադրվում է մարտի 10-ի գիշերը Կենտրոնական բանկի դիմաց, 75-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկելու մեջ։ Ձերբակալվածը 26-ամյա Ժորա Վարդանյանն է, որի փոխարեն մեկ այլ մարդ էր ներկայացել եւ խոստովանել կատարած արարքը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ ավելի վաղ ներկայացված անձն արգելանքից ազատվել է:
Նշենք, որ Երեւանում մարտի 10-ի երեկոյան Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի փաստով ձերբակալվել էր 42-ամյա Լեւոն Ա.-ն. վերջինս ներկայացել էր Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին:
Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ, որը կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է եւ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է Մարիաննա» ընկերության հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լեւոն Ա.-ն չի եղել: Նա պարզապես իր վրա էր վերցնում կատարվածի պատասխանատվությունը:
Իրավապահները պարզել են նաեւ, որ մահացածը, ըստ նախնական տեղեկությունների «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 21:04-ին, Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով 75-ամյա Մարիա Գ.-ն է մահացել է։ Վրաերթը կատարվել է «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով։ Վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել եւ հայտնվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ եւ տեղում մահացել: «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:



























