News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նիստի ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության մեծացման, ներդրումների խրախուսման, Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների բացման անhրաժեշտության եւ նման այլ հարցեր: Թե ինչ գաղտնի բան կա օրակարգում կամ հնչած ելույթներում, առաջին հայացքից, դժվար է հասկանալ:

Բայց պարզվում է, որ նիստը իսկապես իմաստ ուներ անցկացնել գաղտնիության պայմաններում: Չգիտես` ինչ պատճառներով, նիստը սկսվել է խորհրդարանի 334 դահլիճում, իսկ հետո տեղափոխվել Ոսկեզօծ դահլիճ: Ըստ հայ պատգամավորների` ռուսաստանցի հյուրերը բողոքել են, որ իրար մեջքով նստելը այնքան էլ հարմար չէ եւ ուզում են, որ կլոր սեղան լինի, որպեսզի բոլորը տեսնեն բոլորին, պարզ կարողանան զգալ ընդհանուր տրամադրությունը: Ընդունող կողմն էլ անմիջապես բավարարել է նրանց ցանկությունը:

Նիստի մասնակից մեր զրուցակիցները պնդում են, որ նիստի ընթացքում ռուսական կողմը անընդհատ կարեւորել է արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշման որդեգրման անհրաժեշտությունը: Պարզ ասած` ինչ դիրքորոշում, որ ունի Ռուսաստանը, Հայաստանը պետք է մեխանիկորեն հետեւի դրան: Իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում այսօր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ մեծանում է հակաամերիկյան հիստերիան: Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանը դրան հակադրում է հակաամերիկանիզմը: Ռուս պատգամավորների ասածն այն է եղել, որ ԱՄՆ-ի դեմ մենք պետք է հանդես գանք մեկ ընդհանուր եւ միասնական ճակատով:

Ռուսաստանցի պատգամավորների տրամաբանությունը հետեւյալն է. եթե Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի թշնամին է, ապա պետք է, որ Հայաստանը եւս ԱՄՆ-ին վերաբերվի որպես թշնամի երկրի:

Նիստի մասնակից հայ պատգամավորներից որոշները ձայնակցել են ռուս կոլեգաներին, որոշներն էլ ուղղակի չեն հակադարձել նրանց, չցանկանալով փչացնել հայ-ռուսական դարավոր բարեկամության ընդհանուր ֆոնը:

Մինչդեռ, հայ պատգամավորներն արդեն մասնավոր զրույցների ժամանակ բողոքում էին, թե ինչու այդ նույն Ռուսաստանը չի առաջնորդվում նույն դաշնակցային սկզբունքով, եւ ոչ միայն՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին չի համարում իրեն թշնամի երկիր, այլ ճանաչում է ռազմավարական գործընկեր եւ զինում է ամենաժամանակակից զինատեսակներով:

Իհարկե, հայ պատգամավորները այս հանդիպման ժամանակ բարձրացրել են Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման հարցը: Ուղղակի դա արվում է շատ մեղմ, այնպես որ, հանկարծ ռուսները դա չընկալեն որպես մեղադրանք, այլ որպես անհանգստություն, որպես արարողակարգային մի նախադասություն, որը պետք է հնչեցվի հավուր պատշաճի:

Ռուսները դրա պատասխանն էլ ունեն, նրանք միշտ եւ այս անգամ եւս ասել են, թե բա հանգիստ եղեք, մենք կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը նշանակում է, որ զենք է, վաճառում ենք, Ադրբեջանն էլ գնում է, բայց հաստատ այդ զենքը չի օգտագործելու, որովհետեւ մենք պատերազմին դեմ ենք: Թե ինչ արժեք ունեն նման հավաստիացումները, հայ հասարակությունը, ամենայն մանրամասնությամբ, տեսավ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է հակաամերիկանիզմին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեծ թվով պատգամավորներ կան, ովքեր Միացյալ Նահանգների ջերմ երկրպագուներ են: Նրանք Նահանգների երկրպագուներ են լայն սպեկտրով՝սկսած քաղաքական, տնտեսական, այնպես էլ սեփական ապագան այդ երկրի հետ կապելու առումով: Նրանք իհարկե կարող են շատ հանգիստ պատասխանել ռուսաստանցի պատգամավորներին, բայց դրա համար չունեն բավարար ինքնուրույնություն: Պաշտոնական քաղաքականությունը ստիպում է նման իրավիճակներում լսել ու լռել: Դե մեծ երկրի պատգամավորներ են, կգան, կխոսեն, կգնան, նրանց շշպռելուց, միեւնույն է, ոչ մի օգուտ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Ամենաշատ