News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շատ տպավորիչ է Բեյրութի կենտրոնում նման կրթական օջախ տեսնել՝ ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային, ե՛ւ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ: Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին ասել է Հայկազյան համալսարան այցի ընթացքում:

Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյանը Հայաստանի վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը եւ կրթական ծրագրերին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը եւ համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաեւ հայազգի նկարիչ Րաֆֆի Եդալյանի ստեղծագործություններին եւ գրառում կատարել Հայկազյան համալսարանի Պատվո հյուրերի գրքում:

«Շատ տպավորիչ է այստեղ՝ Բեյրութի կենտրոնում, նման կրթական օջախ տեսնել՝ ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային, ե՛ւ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ:  Չափազանց կարեւոր է եւ չափազանց ոգեւորիչ: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ ձեր կատարած գործի համար, եւ ուզում եմ, որ չհոգնեք, որովհետեւ չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը: Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք եւ շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար»,- դիմելով համալսարանի անձնակազմին՝ նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով իր պաշտոնական այցի օրակարգին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ բավական շատ ու արդյունավետ հանդիպումներ է ունեցել ե՛ւ Լիբանանի ղեկավարության, ե՛ւ բիզնես միջավայրի ու բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: «Մենք շատ երախտապարտ եւ շնորհակալ ենք Լիբանանին այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է հայ համայնքի նկատմամբ: Շնորհակալ ենք Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, Ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցներին ցուցաբերած հյուրընկալության եւ օժանդակության համար: Բայց մենք նաեւ արձանագրել ենք, որ ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ՝ իրականում եղբայրական եւ բարեկամական, տնտեսական հարաբերությունների, տնտեսական բաղադրիչի մեջ հետ ենք ընկել եւ, մեր պատկերացմամբ, առաջարկել ու ներկայացրել ենք այն առավելությունները, որոնք այսօր Հայաստանն ունի: Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, եւ մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք»,- մասնավորապես ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը եղել է նաեւ Լիբանանի հայ հոգեւոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկում՝ Զմմառի վանքում: Այստեղ կառավարության ղեկավարը հանդիպել է Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգեւոր ներկայացուցիչների եւ Զմմառի վանքի միաբանության անդամների հետ, շրջել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, թանգարանում եւ մատուռում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ