Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ինձ համար դա ընդունելի չի լինի: մենք մեր հայտարարության մեջ էլ նշել էինք, որ ի գիտություն էինք ընդունել Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումն այն մասին, որ ինչ կարգավորում էլ լինի, չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման», - ասաց Թաթոյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում իրենք լրագրողներին պետական համակարգից օտարացնելու միտում են նկատել. «Սա վտանգավոր ընկալում է, որ հանկարծ չթողնենք ձեւավորվի: Լրագրողին երբեք չի կարելի ընկալել բարիկադի հակառակ կողմում գործող անձ։ Հակառակը՝ լրագրողին պետք է վերաբերել նրա ազնվության եւ բարեխղճության կանխավարկածով, որովհետեւ լրագրողն ունի օրենքին համապատասխան եւ բարեխիղճ գործելու բարձր պատասխանատվություն ու կոչում»,-ասաց Թաթոյանը:
Ինչ վերաբերում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն, Արման Թաթոյանն ասաց, որ իրենք իրականացրել են միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրություն. «Գլխավոր խնդիրը հետեւյալն է. լրագրողները եւ հասարակությունը պետք է ունենան մասնակցություն այդ թվում կառավարման գործերին: Գործադիրի իշխանության հետ կապված, երկրների ճնշող մեծամասնությունում իսկապես ուղիղ հեռարձակման հնարավորություն նախատեսված չէ: Կան նաեւ միջազգային կազմակերպությունների գնահատականները, բայց այդ նույն կազմակերպությունները անընդհատ զգուշացնում են պետություններին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ ֆորմատներ. Օրինակ, Լատվիան, թե Լիտվան, պայմանագիր է կնքել լրագրողական հանրության եւ քաղհասարակության կազմակերպությունների հետ եւ իրենցից յուրաքանչյուրի հետ, ամեն նիստից առաջ կամ հետո նախատեսում են համապատասխան բրիֆինգներ, քննարկումներ, որոնց նպատակն է փոխհատուցել կոնկրետ նիստերի առերեւույթ փակ լինելը»,- ընդգծեց ՄԻ պաշտպանը:
Իսկ Երեւանի քաղաքապետարանը, ըստ նրա, ներկայացուցչական մարմին է, մարդիկ են, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից:
Նշենք, որ ապրիլից ՀՀ կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Նմանատիկ կարգավորում է ցանկանում կիրառել նաեւ Երեւանի քաղաքապետարանը ավագանու նիստերի հետ կապված, ինչն առաջացրել է լրագրողական հանրության դժգոհությունը:
- ԵԽ նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, ո՞վ կհանդգնի ԵԽ-ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ. Կոստանյան
- «Դռնփակը, դա թաքունը չի». Շարմազանովը հիշեց Գալուստ Սահակյանին
- Կառավարությունում նիստը դռնփակ անցկացնելը ժողովրդավարության տարր է դիտվում. Դավիթ Հարությունյան
- Ապրիլից կառավարության նիստերը լինելու են դռնփակ եւ տեւելու են մեկ ժամ. Դավիթ Հարությունյան