News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրվա Մայիսի 8-ի կապակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միազգային կոմիտեի պատվիրակության աջակցությամբ, հրավիրում է մասնակցելու «Մարդասիրությունը գործողության մեջ» խորագրով ֆոտոմրցույթի։

Ամեն տարի մայիսի 8-ին՝ ամբողջ աշխարհում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի աշխատակիցներն ու կամավորները նշում են մարդասիրական ամենամեծ շարժման ստեղծումը, որն իր սկզբունքներով եւ գործունեությամբ մարդկային կյանքն ու արժանապատվությունը սահմանեց որպես բացարձակ արժեք։ 

Պատերազմների ու ճգնաժամերի ժամանակ մարդասիրության դրսեւորումը հատկապես հրատապ է դառնում, բայց առօրյա կյանքն էլ հաճախ մարդասիրական որակներ դրսեւորելու անհրաժեշտություն է ստեղծում։  Մարդասիրությունը Կարմիր խաչի հիմնարար սկզբունքներից մեկն է, եւ մրցույթը եւս մեկ անգամ դրա մասին բարձրաձայնելու եւ հանրայնացնելու հնարավորություն է տալիս։

Մրցույթին մասնակցելու պայմանները․

Սկիզբը․ 13․03․2018

Վերջնաժամկետը․ 15․04․2018

Մրցանակների հանձնում․ 08․05․2018

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 2 ֆոտո։ Արգելվում է ներկայացնել աշխատանքներ, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է այլ կազմակերպության կամ անձի։ ՀԿԽԸ-ն հանդիսանալու է մրցույթին ներկայացված ֆոտոների համասեփականատեր եւ իրավունք է ունենալու օգտագործել դրանք իր տպագիր եւ առցանց նյութերում։

Ֆոտոները պետք է լինեն առնվազն 1920 փիքսել՝ JPEG, RAW կամ TIFF ֆորմատի, ուղեկցվեն մեկնաբանող լուսագրերով, լինեն մաքսիմալ իրական․ խմբագրման ծրագրերի միջոցով ակնհայտ փոփոխված աշախատքները չեն ընդունվի։

Մասնակցությունն անվճար է։

Մրցանակներ

Ֆոտո մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու ֆոտո փառատոնի կամ դասընթացի արտերկրում։

Երկրորդ մրցանակակիրը կստանա արժեքավոր մասնագիտական նվեր։

Մասնակցության համար ֆոտոները, ինչպես նաեւ մասնակցի տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, աշխատավայր, ներբեռնել WeTransfer պլատֆորում, եւ հղումն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «Ֆոտո մրցույթ․ Մարդասիրությունը գործողության մեջ» (Photo Contest: Humanity in Action)։

Ժյուրիի կազմում կլինեն ՀԿԽԸ եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հրավիրված մասնագետներ։

Հաղթողները կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով։ Հարցերի դեպքում զանգահարել 374 60 625060։

 Նշենք, որ մայիսի 8-ը՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը, հիմնադիր Անրի Դյունանի ծննդյան օրը, ամեն տարի նշվում է որպես Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման օր։ Ամեն տարի Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունները միջոցառումներ են կազմակերպում՝ իրենց երկրներում Շարժման յուրահատուկ դերը եւս մեկ անգամ ընդգծելու համար։

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժումն ամեն տարի ամբողջ աշխարհում աջակցում է միլիոնավոր մարդկանց՝ կոնֆլիկտների, բնական աղետների եւ ճգնաժամերի ժամանակ։

Հիմնվելով մարդասիրական գործունեության ավելի քան 150 տարվա փորձի վրա, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժումը ներկայումս  համապատասխան ու ժամանակին մարդասիրական ծառայություններ է մատուցում խոցելի համայնքներին։ Գլոբալ եւ անկախ ցանցի մոտ 14 միլիոն ակտիվ կամավորներն ու 450 000 անձնակազմն աշխատում են 190 երկրներում։

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի անձնակազմն ամբողջ աշխարհում օգնում է ավելի քան 160 միլիոն մարդու, անաչառ տրամադրելով բազմաբնույթ, նորարարական եւ որակյալ ծառայություններ։ Շարժման մոտեցումը համընդհանուր է, քանի որ բոլոր գործողություններն ամեն պահի ուղղորդվում են Հիմնարար սկզբունքերով՝ Մարդասիրություն, Անկախություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն եւ Համընդհանրություն։

Տպել
Ամենաշատ