News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում ճապոնական շուկաների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին: Նրա խոսքով՝  դրա մասին է վկայում Ճապոնիայում կայացած նպարեղենի ցուցահանդին հայկական 8 ընկերությունների մասնակցությունը, ինչն առաջին անգամ էր գրանցվում: «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ գործարար կապերը միայն զարգանում են, եւ քայլ առ քայլ մեր տնտեսական հարաբերությունները կխորանան»,- ասաց դեսպանը:

Դրան, շարունակեց նա, կնպաստի նաեւ ընթացիկ տարում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրումների ազատականացման, խթանման եւ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: «Ճապոնիայից Հայաստան ուղղված ներդրումներն այժմ զրոյական մակարդակում են, սակայն Ճապոնիայի փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների հետ նման համաձայնագրերի ստորագրումից հետո հետեւում է ներդրումների ակտիվացումը», - ասաց Էյջի Թագուչին:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ համագործակցության ներուժ է առկա զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ճապոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ հայկական գինու, կոնյակի եւ չրերի նկատմամբ: «Ներկայումս Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը չնչին է, սակայն վերջին հինգ տարվա ընթացքում այն կրկնապատկվել է»,- ընդգծեց դեսպանը՝ հավելելով, որ ճապոնական ապրանքների ներմուծման մեծ մասնաբաժինը ճապոնական արտադրության մեքենաներինն է:

Նա կարծում է, որ հայաստանյան եւ ճապոնական ընկերությունները ԵՄ-ի միջոցով GSP + արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակներում համագործակցության հնարավորություն ունեն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի արդյունքներով Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 81.5 մլն դոլար է կազմել է՝ 2016 թվականի ցուցանիշի համեմատ ավելանալով 56.7 տոկոսով: Ապրանքաշրջանառության ոլորտում Ճապոնիայից Հայաստան ներմուծումը 81 մլն դոլար է կազմել (56.9 տարեկան աճով), Հայաստանից Ճապոնիա արտահանումը չի հասնում 5 մլն դոլարի (տարեկան 29.6 տոկոս աճով):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ