News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին անկարգությունների գործով դատական նիստին այսօր՝ մարտի 14-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում միջադեպ տեղի ունեցավ  դատավորի եւ  ամբաստանյալի միջեւ։

Նախագահող Աննա Դանիբեկյանը նկատողություն հայտարարեց ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանին, ով իր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին ինչ-որ բան էր ասում։ Զեյթունյանը պնդեց,որ ինքը դատական նիստը չի խանգարել, դատավորը դրանից ավելի վրդովվեց եւ նրան 1 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից, ինչին Զեյթունյանն արձագանքեց, որ էլ չի գալու։

Դատավորի որոշումը հաշվի առնելով՝ պաշտպաններ Գրիշա Բալասանյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը Աննա Դանիբեկյանի դեմ  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։

 «Դուք ուղղակիորեն շահագրգռված եք այս գործի ելքով ու անձնական հակակրանք ունեք: Անգամ անձը հաստատող փաստաթուղթ չպահանջեցիք վկայից»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպան Բալասանյանն էլ հավելեց. «Զեյթունյանն ընդամենն իր պաշտպանի հետ խորհրդակցում էր ու տեղեկացնում, որ դուք վկայից անձնագիր չեք ուզել: Նորմալ մարդու ուղեղում չի տեղավորվում, որ խորհրդակցելու համար կարելի է նախազգուշացում տալ ամբաստանյալին, իսկ հետո՝ հեռացնել նիստերի դահլիճից: Սա դատական գործ է, որը սիմպածիայով եւ լավ տրամադրությամբ չպետք է կայանա: Լավ տրամադրություն չունեք՝ սանկցիա եք կիրառում»:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց պաշտպանների իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Նշենք, որ այսօր որպես վկա պետք է հարցաքննվեր ոստիկան Վահան Կարագյոզովը, որը սակայն, ինչպես նկատեցին պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Գրիշա Բալասանյանը մինչեւ իր ցուցմունք տալը ներկա է գտնվել մյուս վկաների հարցաքննությանը, եւ անթույլատրելի է նրա հարցաքննությունը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մատնանշեց, որ նման փաստական տվյալներ չկան, ուստի վկան կարող է հարցաքննվել:

Սակայն այսօր վկայի հարցաքննությունը տեղի չունեցավ, այն հետաձգվեց հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։

Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Տպել
Ամենաշատ