Կառավարության նիստիններկայացվեց մի նախագիծ, որի համաձայն հայաստանյան օդանավակայաններում գործող երկու ԲՓԸ-ները, մասնավորապես, «Հայաէրոնավիգացիա» ԲՓԸ-ն եւ «Զվարթնոց» աէրոօդերեւութաբանական կենտրոն» ԲՓԸ-ն միանալու են իրար: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Մենք ստանալու ենք «մեկ պատուհանի» սկզբունքով գործող կառույց, որը մատուցելու է աէրոնավիագցիայի ամբողջական փաթեթով ծառայություններ: Հավելյալ պայմանագրեր, հավելյալ վճարներ վճարելու հարցը վերացվելու է»,-ասաց նա՝ հավելելով, որ սա բոլոր կողմերը դրական են համարում, այդ թվում դրական է բիզնես միջավայրի տեսանկյունից:
Ավետիսյանի խոսքով, այս պահին օդերեւութաբանական ծառայությունների համար վճարը կազմում է շուրջ 30 հազար դրամ՝ թռիչքի ու վայրէջքի համար, որը այս բարեփոխման արդյունքում վերանալու է:
Հարցին, թե արդյոք դա չի անդրադառնա տոմսի գների վրա, ՔԱԳՎ պետն արձագանքեց. «Չեմ կարծում, որ ուղիղ անդրադարձ ունենա տոմսի գնի վրա, բայց ինքը կփոխի մոտեցումը, աշխատանքի տրամաբանությունը, կստեղծի ավելի տրամաբանված միջավայր, որտեղ տնտեսվարողներն իրենց ավելի լավ կզգան: 30 հազար դրամի չաչով կազդի տոմսի գնի վրա, եթե ուղղակի տոմսի գնի մասին ենք խոսում: Ընդհանուր առմամբ, ցանկացած բարեփոխում, որ արվում է մեր ոլորտում, անուղղակի ձեւով, այս կամ այն կերպ ազդում է տոմսի գնի վրա, քանի որ ցանկացած փոփոխություն բերում է նրան, որ հետաքրքրությունը հայկական ավիացիոն շուկայի նկատմամբ ավելանում է, տնտեսվարողներն ավելանում են, տրամաբանորեն ավելանում է մրցակցությունը եւ նվազում է տոմսի գինը»:



























