News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մինչ «Ելք» դաշինքում վերջնական որոշում կկայացնեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքար սկսելու հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն գործնական քայլի է դիմել: Փաշինյանը քաղաքապետարանից թույլտվություն է ստացել ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու համար: Հետաքրքիր է այն, որ հանրահավաքի մասին «Ելք»-ի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միայն երեկ է տեղեկացել: Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ դաշինքում քննարկումները դեռ շարունակվում են, եւ հայտնի չէ՝ ինչ որոշում կլինի: Բայց Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ որոշման բացակայության պայմաններում քաղաքապետարան դիմելու հարցում ոչ մի խնդիր չի տեսնում: Ամեն դեպքում, Գորգիսյանը շեշտում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ճանապարհային քարտեզին միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չէ, որ դեմ է. դաշինքում այլ  կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես դրա կողմնակիցը չեն:

Կառավարության այսօրվա նիստում Լիբանանից նոր վերադարձած վարչապետի առաջին հանձնարարականն այցի արդյունքներին է վերաբերել: Կարեն Կարապետյանը գոհ է այցից, նաեւ ուզում է զարգացնել համագործակցությունը, հատկապես՝ առեւտրատնտեսական ոլորտում: Նա հանձնարարել է ակտիվացնել երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաեւ նոր կառույց ստեղծել՝ Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը: Կարեն Կարապետյանը, սակայն, մարզերում խնդիրներ է տեսնում՝ կապված ինտերնետի հետ: Վարչապետը 15 օր ժամանակ է տվել խնդիրը լուծելու համար: Կառավարության պահուստային ֆոնդից նաեւ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար 203.1 մլն դրամ կտրամադրվի մի շարք բուժհաստատությունների: Խոսքն այն բուժհիմնարկների մասին է, որոնք պետպատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում: 

Քաղավիացիայի ոլորտում եւս մեկ բարեփոխում է իրականացվում. կառավարության որոշմամբ՝ օդանավակայաններում գործող «Հայաէրոնավիգացիա» եւ «Զվարթնոց» աէրոօդերեւութաբանական կենտրոն» ընկերությունները միավորվում են: Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ կենտրոնի օդերեւութաբանական ծառայությունների համար վճարը ներկայում շուրջ 30 հազար դրամ է՝ թռիչքի ու վայրէջքի համար: Այս բարեփոխման արդյունքում սա կվերանա:

Շավարշ Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամ Կոնստանտին Կոսաչովի երեկվա հայտարարությանը: Հիշեցնենք, որ վերջինը չէր բացառել, որ ապագայում Ադրբեջանին զենքի վաճառքն այժմյան ծավալներով չիրականացվի: Փոխարտգործնախարարն ասում է՝ Ռուսաստանը, փաստորեն, որոշ հետեւություններ արել էԻսկ Լեւոն Ալթունյանը շարունակում է դժկամորեն շփվել լրագրողների հետ: Այս անգամ էլ անպատասխան է թողել իրեն դուր չեկած հարցերն ու հեռացել:

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակին նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ նորից «ճնշել» են: Այս անգամ Սոբչակի նյարդերը տեղի են տվել, եւ նախագահի թեկնածուն եթերում սկսել է արտասվել: Նա դժգոհել է, որ ընդդիմախոսները, մասնավորապես՝ Վլադիմիր Ժիրինովսկին, անդադար ընդհատում են իրեն: Սոբչակը մեղադրել է նաեւ հեռուստաբանավեճը վարող Վլադիմիր Սոլովյովին՝ պահանջելով վերադարձնել իրեն հատկացված ժամանակը:

Ավելի ուշ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է եթերում ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, որ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի կոշտ կանոնների: Հակառակ դեպքում, ըստ նրա, ավելի լավ է քաղաքական կարիերա չսկսել: Նշենք, որ Սոբչակի եւ Ժիրինովսկու մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել նաեւ նախորդ հեռուստաբանավեճի ժամանակ: Ժիրինովսկին վիրավորել էր Քսենիա Սոբչակին, ինչին ի պատասխան՝ հաղորդավարուհին ջուր էր լցրել քաղաքական գործչի վրա:

Ստամբուլի փողոցներից մեկը, հնարավոր է, Հրանտ Դինքի անունով կոչվի: Շիշլի թաղամասի քաղաքային խորհուրդը որոշել է շրջանի 2 փողոցներ վերանվանել Հրանտ Դինքի եւ Ուղուր Մումջուի անուններով։ Մումջուն նույնպես լրագրող է, ով սպանվել է 1993 թվականին: Փողոցները վերանվանելու որոշումներն ուղարկվել են Ստամբուլի քաղաքային խորհրդին, որի հավանությունից հետո միայն դրանք օրինական ուժ կստանան:

Արտաշատում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ վիճաբանություն եւ ծեծկռտուք քաղաքի բուժկենտրոնում: Կեսգիշերին Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է Մխչյան՝ գյուղի 60-ամյա բնակիչ Անահիտ Սիմոնյանին առաջին օգնություն ցուցաբերելու: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է: Նրա որդին մեղադրել է բժիշկներին եւ որոշել է հաշվեհարդար տեսնել: Տղամարդը նաեւ շտապօգնության մեքենան է վնասել: Կատարվածի մասին ոստիկանությանը հաղորդել է բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Սոկրատ Հախվերդյանը: Իրավապահները որոնում են կասկածյալին:

Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը բարելավել է դիրքերը: Մրցաշարի միանձնյա առաջատարն առայժմ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որը սեւերով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Կարուանային կեսական միավորով զիջում են Կրամնիկն ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը: Իսկ Լեւոն Արոնյանն առաջատարից հետ է 1 միավորով եւ առայժմ մրցաշարում չորրորդ տեղում է: 4-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւ ֆիգուրներով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Իսկ 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է: 

Մարտի 15-ին դոլարն աննշան արժեւորվել է, մյուս արժույթները՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 8 դրամ 43 լումա, ֆունտինը՝ 669 դրամ:

Մարտի 16-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ