Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի կյանք խլած ավտովթարի դեպքով  քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, 2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:

Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ին ժամը 17:30-ի սահմաններում զորամասում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Էդգար Գեւորգի Երեմյանը: