Ռուսաստանն անպայման երկրից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ ի պատասխան ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի գործով պայմանավորված ռուսաստանցի 23 դիվանագետներին արտաքսելու մասին Մեծ Բրիտանիայի հայտարարության: Այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, կարտաքսենք»,- շեշտել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ որում Լավրովը չի հստակեցրել բրիտանական դեսպանատան արտաքսվող աշխատակիցների կոնկրետ թիվը:
Սերգեյ Սկրիպալը, որը դատապարտվել էր բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար, եւ նրա դուստր Յուլյան մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին նյարդակաթվածահարող նյութով: Ներկայումս նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ռուսաստանին մեղադրելով թագավորության տարածքում «ապօրինի ուժի կիրառման մեջ», հայտարարել էր ռուսաստանցի 23 դիվանագետների արտաքսման եւ Մոսկվայի նկատմամբ այլ միջոցառումների մասին: Ռուսական կողմը կտրականապես հերքել էր միջադեպին իր մասնակցությունը եւ հայտարարել առաջիկայում պատասխան քայլերի ընդունման մասին:




























