News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմության ընթացքը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները»: Դատապարտելով հայոց պատմության նկատմամաբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելեց, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երեւանը որպես ոչ-հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում եւ դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաեւ նշեց, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր եւ մշտապես պետք է արժանանա դատապարտման:

Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշեց. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական եւ արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է»:

Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասաց. «Ողջ աշխարհի գրադարաններում եւ թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով: Իհարկե, հնարավոր չէ պատմությունը լիարժեք կերպով ներկայացնել բացառապես քարտեզներով. միեւնույն ժամանակ, մի հայացք նետելով, երկրի պատմությունը պատկերավոր ընկալելու հնարավորություն է ստեղծվում»:

Միջոցառման բացմանը հաջորդեց ազգային, ժողովրդական երգացանկ ներկայացնող հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Ցուցահանդեսը, որն անց է կացվում Էստոնիայի ազգային գրադարանի եւ Էստոնիայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչեւ ապրիլի 4-ը:

Տպել
Ամենաշատ