Առողջապահության բնագավառում 2017-ի ընթացքում Արարատի մարզում համավճարով եւ վճարովի ծառայություններով մուտքերը կազմել են շուրջ 340 մլն դրամ, որը 2016-ի մուտքերից 6,5 մլն դրամով ավելի է: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խորհրդակցությունում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2016-ին կազմել է 334 մլն դրամ, 2017-ին ՝ 338 մլն, իսկ 2018-ին նախատեսվում է 395 մլն դրամ: Նշվել է, որ 2018-ին կավարտվի Արտաշատի հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, այնուհետեւ կիրականացվի հիվանդանոցը ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ գույքով ապահովվելու ծրագիրը: Վարչապետը հորդորել է վերանայել վճարովի ծառայություններից ներգրավվող միջոցների ծավալը եւ ներկայացված ցուցանիշները գնահատել անբավարար: Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում նման հանդուրժողականությունն անթույլատրելի է»:
Արամայիս Գրիգորյանն ամփոփելով զեկույցը՝ նշել է, որ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով Արարատի մարզում ընթացիկ տարվա ընթացքում ակնկալվում է ապահովել 20% տնտեսական աճ: Նպատակներին հասնելու համար սահմանվել են հիմնական գերակա 2 ուղղություններ. արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա եւ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում:
Մարզում կատարված ներդրումների ծավալը 2017-ին կազմել է 32,1 մլրդ դրամ՝ ստեղծվել է 3000 նոր աշխատատեղ: 2018-ին ներդրումների ծավալը նախատեսում է հասցնել 42 մլրդ դրամի:
Վարչապետն անհրաժեշտ է համարել ակտիվացնել բիզնես ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքները: «Բիզնեսի, գործարար մարդու նկատմամբ ուշադիր եղեք եւ դիտարկեք պետական ու համայնքային չօգտագործվող տարածքներն ու գույքը մասնավորին տրամադրելու հնարավորությունը՝ նոր աշխատատաղեր ստեղծելու եւ ներդրումներ կատարելու պարագայում», - նշել է Կարեն Կարապետյանը: