Թուրքիան ցանկանում է ոչնչացնել Աֆրինի քրդերին։ Այս մասին ասված է Քուրդիստանի համայնքների միության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Rudaw-ը։

«Աֆրինի բնակիչներն ու մարտիկները հաջողությամբ կատարում են իրենց առաքելությունը։ Ազատության մարտիկները մեծ քաջություն են ցուցաբերել երկու ամիս տեւած մարտի ընթացքում։ Դիմակայությունը շարունակվելու է: Այն ամենը, ինչ պետք է արվի ազատության համար, պետք է արվի հիմա։ Ուստի դիմակայության համար յուրաքանչյուրի վրա նոր պարտականություններ են դրվել»,-նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, Աֆրինի վարչակազմի ներկայացուցիչ Օթման Շեյխ Իսան հայտարարել է, որ Թուրքիայի հետ պատերազմը պարտիզանական պայքարի նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին։

Նրա խոսքով, թուրքերի հարձակումը նպատակաուղղված է քաղաքը քրդերից ոչնչացնելուն։