News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը:

Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը եւ Գ. Բերեջիկլյանը մտքեր են փոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաեւ նրա այցի ընթացքից: Ա. Հարությունյանը Գ. Բերեջիկլյանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ շնորհիվ ավստրալահայ կառույցների գործադրած ջանքերի՝ բոլոր հանդիպումներն անցկացվում են բարձր մակարդակով:

Պետնախարարը մասնակցել է նաեւ ՀԱԸ 100-ամյակին նվիրված ճաշկերույթին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Ա. Հարությունյանն այցելել է նաեւ Սիդնեյի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, որտեղ նրան ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի  թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Հոգեւոր առաջնորդը ողջունել է պետական նախարարի այցն Ավստրալիա եւ նշել, որ Սփյուռքը մշտապես գտնվում է Արցախի կողքին: Իր հերթին Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հայ եկեղեցու կարեւոր դերը հայապահպանության, ինչպես նաեւ հոգեւոր ու հայեցի ճիշտ դաստիարակության գործում: Զրուցակիցներն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ապա պետական նախարարը մասնակցել է սուրբ պատարագին:

Մարտի 19-ին Ա. Հարությունյանն այցելել է Սիդնեյի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ալեքսանդր» ամենօրյա վարժարան եւ Համազգայինի «Արշակ եւ Սոֆի Գօլստըն» ճեմարան, որտեղ հանդիպել է ուսուցչական եւ աշակերտական անձնակազմերի հետ, ծանոթացել կրթօջախների պայմաններին: Նա բարձր է գնահատել հայկական կրթական հաստատությունների դերը Սփյուռքում եւ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ