News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 19-ին շարունակվել է երկու տասնյակ փաստաբանների՝ ընդդեմ «Գլաձոր» համալսարանի հայցի քննությունը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիպլոմի օրինականության հարցով։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանին ներկայացրել է փաստաթղթերի փաթեթը, որով հիմնավորվում է հայցը։ Ի թիվս այլոց, ներկայացվել են 11 բուհերի ռեկտորների նամակները, որոնք գործնականում բացառում են բարձրագույն կրթության ստանալը եւ ժամկետային զինծառայության համատեղումը։

Աթանեսյանը նշել է, թե «Գլաձոր» համալսարանի արխիվում պետք է պահպանված լինեն Արա Զոհրաբյանի ուսումնառության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դատարանին։ «Գլաձորի» ներկայացուցիչը, որը «Զոհրաբյան եւ ընկերներ» փաստաբանական գրասենյակից է, հայտնել է, թե պատրաստ են ներկայացնել այդ փաստաթղթերը դիմելու դեպքում։ Տիգրան Աթանեսյանը NEWS.am-ին հայտնեց, որ առաջիկայում անպայման կդիմեն՝ այդ փաստաթղթերը ստանալու եւ դատարանին ներկայացնելու համար։

Դատական հաջորդ նիստը կայանալու է ապրիլի 26-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկու տասնյակ փաստաբաններ նոյեմբերին հայց էին ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ պահանջելով չեղարկել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվից ստացած իրավաբանական կրթության դիպոմը։

Գործով պատասխանողը «Երեւանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվն է, իսկ գործով երրորդ անձը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է։ Ըստ հայցվորների, 1996 թվականի մայիս ամսից մինչեւ 1998 թվականի հուլիս ամիսը Ա.Զոհրաբյանը պետք է հանձնած լիներ առնվազն 20-25 քննություն եւ 30-40 ստուգարք: Այսինքն՝ 1996 թվականի մայիս ամսից մինչեւ 1998 թվականի հուլիս ամիսը, ըստ պատասխանողի հայտնած տեղեկությունների, Արա Զոհրաբյանը պետք է առնվազն 50-60 օր բացակայեր զորամասից միայն ստուգարքներին եւ քննություններին մասնակցելու համար, ընդ որում յուրաքանչյուր անգամ մեկ օրով պետք է գար Երեւան քաղաք զորամասից, որը, հայցվորների տեղեկություններով, գտնվում է Երեւան քաղաքից 100 կմ-ից հեռու տարածության վրա: «Այսինքն, այս ֆանտաստիկ անհատական գրաֆիկի պայմաններում Ա.Զոհրաբյանը պետք է բացակայեր զորամասից ծառայության ընթացքում առնվազն 100-150 օր, ինչը անհնարին է, քանի որ նախ արգելված է օրենքով եւ իրենից ներկայացնում է ոչ թե ուսման ինչ-որ եղանակ, այլ հանցագործություն՝ զորամասը ինքնագլուխ լքելը կամ անգամ դասալքություն, սակայն, քանի որ չկա որեւէ տեղեկատվություն Ա.Զոհրաբյանի մասին, որ նա ինքնագլուխ լքել է զորամասը կամ դասալքել է,  մենք համոզված ենք, որ նման բան՝ զինվորական հանցանք տեղի չի ունեցել»,- նշված է հայցադիմումում:

Ըստ փաստաբանների՝ Արա Զոհրաբյանը, «պարտաճանաչ կատարելով իր պարտքը Հայրենիքի առջեւ», չէր կարող հանձնել եւ չի հանձնել անձամբ այդ ընթացքում ստուգարքները եւ քննությունները Երեւանի «Գլաձոր» համալսարանում, ուստի նա չէր կարող եւ իրավունք չի ունեցել 1999 թվականին մասնակցելու ավարտական քննություններին, որի պատճառով նրան շնորհված իրավաբանի որակավորումը եւ տրված դիպլոմը պետք է ճանաչվեն անվավեր:

Հայցը ներկայացրել էին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Քրիստինա Գեւորկյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, Վահե Մակյանը, Մարատ Կոստանյանը, Մուշեղ Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը, Լուսինե Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ