News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում ենք, որ հրավառությունների կազմակերպման օրենսդրությունը խախտող անձը պատասխանատվության ենթարկվի միայն դատական ակտով, որովհետեւ դատարանը օժտված է անաչառության ու անկախության հատկանիշներով: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ, հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, երբ մարդուն ենթարկում են պատասխանատվության, պատժի, անունը կարող են դնել տուգանք, բայց էականը բովանդակությունն է. «Պետք է հասկանալ, թե արդյոք այն իր բնութով, ազդեցության ուժով տուգանք է, թե պատիժ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում է երկրներին երաշխավորել արդար ադատաքննության իրավունքը քրեական եւ քաղաքացիական գործերով: Պետությունները որպեսի հաշվետու չլինեն ՄԻԵԴ-ին, անունը դնում են վարչական իրավախախտում, որ խուսափեն: ՄԻԵԴ-ը դա հասկացավ եւ ասաց՝ նշանակություն չունի անունն ինչ եք դրել, մեղադրանքը բնութագրվում է մի քանի հատկանիշով, դրա բնույթով ու խստության աստիճանով: Դրանցից մեկի առկայությունը բավարար է, որ հետապնդումը որակվի քրեական մեղադրանք եւ պետության համար պարտավորություններ առաջանան: Այս դեպքում եւս պատիժը մի քանի հարյուր հազար դրամ է, հետեւաբար, այն պատիժ է եւ պետք է հարցը որոշի դատարանը»,-ընդգծեց Զեյնալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսուհետ Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է. համապատասխան օրինագծերի փաթեթն ԱԺ-ում ներկայացրել էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով, առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն:

Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:

Կամո Արեյանը նշեց, որ թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, եւ որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:

Տպել
Ամենաշատ