News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով: Այս մասին, ԱԺ-ում այդ օրինագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եթե մինչեւ այս փոփոխությունները սահմանադրությունը նշում էր, որ հեռարձակվող հեռուստաընկերությունների ազատության, բազմազանության ապահովման նպատակներից ելնելով ստեղծվում է անկախ կարգավորվող մարմին, ապա 2015-ի Սահմանադրության փոփոխություններով երկու մեծ հոդված է նվիրվել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, տալով նրա կարգավիճակը, որպես անկախ պետական մարմին, սահմանելով նրա լիազորությունները:

«Նաեւ սահմանվել է, որ նրա լիազորությունների մեջ է հեռուստատեսությունների եւ ռադիոընկերությունների նկատմամբ վերահսկողությունը: Նախատեսվել է, որ հանձնաժողովը պետք է տարեկան հաղորդում ներկայացնի: Սահմանվել է հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:

Ի տարբերություն 2005-ի սահմանադրության, որտեղ նշվում էր, որ անկախ գործող այս մարմնի անդամների կեսին նշանակում է ԱԺ-ն, մյուս կեսին՝ ՀՀ նախագահը, հիմա հանձնաժողովի անդամների անդամների թիվը 7-ն է, որոնց բոլորին ընտրում է ԱԺ-ն՝ ձայների 3/5-րդով: Ընդ որում այդ անկախ մարմնի անդամը պետք է բավարարի ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջներին»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ այս օրենքով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակն է հստակեցվել, սահմանվել է իրավասությունների շրջանակը. «Հաղորդումների բազմազանության նկատմամբ սահմանվել է վերահսկողության իրականացման կարգը: Գործող օրենքով Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության ղեկավար մարմինը հանդիսանում է խորհուրդը: Մենք սահմանել ենք, որ այս երկու ընկերությունների ոչ թե ղեկավարման, այլ կառավարման մարմինն է հանդիսանում Հեռուստառադիոընկերության խորհուրդը: Եթե հիմա խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը, սահմանել ենք, որ այսուհետ նշանակումն իրականացնում է վարչապետը, բայց այն անդամների շրջանակից, որոնք հանձնաժողովի կողմից սահմանված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել:

Սահմանվել է նաեւ, որ արտակարգ դրության ժամանակ որոշակի ժամաքանակ պետք է տրամադրել վարչապետին, ոչ թե նախագահին, որովհետեւ նոր սահմանադրական կարգավորումներով արտակարգ դրություն եւ ռազմական դրություն հայտարարում է ոչ թե ՀՀ նախագահը, այլ կառավարությունը»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ