News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մյուս անդամները եւս արժանի էին ներկայանալու որպես ՍԴ նախագահի թեկնածու, սակայն այդ պատիվն ինձ է տրվել: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց ՍԴ նախագահի միակ թեկնածու Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, Սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը, թե Դավիթ Հարությունյանը, թե Գագիկ Հարությունյանը, թե Գեորգի Կուտոյանը, թե Վարդան Պողոսյանը, թե Գեւորգ Կոստանյանը, թե Գեւորգ Դանիելյանը, թե Գագիկ Ղազինյանը այսուհետեւ ինչ էլ աշխատեն, լինելու են փոփոխված սահմանադրության պաշտպանները. «ՍԴ նախագահի աշխատանքը դրա ամենաուղղակի հնարավորությունն է տալիս, եւ ստացվեց, որ այդ բախտն ինձ է վիճակվել: ՍԴ նախագահի պաշտոնը չի ենթադրում քաղաքական անելիքներ ու ծրագրեր: ՍԴ նախագահի լիազորությունները նույնական են, ինչպես ՍԴ մնացած անդամներինը: ՍԴ նախագահն ունի մեկ գլխավոր առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեության ապահովումը: Դրա համար բացի ճիշտ կադրերի ընտրությունից, լիազորությունների ճիշտ բաշխումից ինձ համար շատ կարեւոր է այն աշխատանքային մթնոլորտի ստեղծումը, որտեղ բոլորն իրենց վստահ կզգան, որ կատարում են երկրի համար ամենաբարդ խնդիրներից մեկը: Ինձ համար այդ հարաբերությունները այս հարցում ամենակարեւորն են»,-ընդգծեց Թովմասյանը:

Նա նշեց, որ կան մի քանի գաղափարները, որոնք ինքը կփորձի կյանքի կոչել ՍԴ նախագահի պաշտոնում. «Շատ եմ կարեւորում սահմանադրության պատշաճ մակարդակով գիտագործնական մեկնաբանությունների առկայությունը, ինչը կօգնի ՍԴ-ին առավել արդյունավետ աշխատել: Միգուցե պետք է մտածել դատաքննություններն ուղիղ հեռարձակելու մասին: Դա ուսուցողական եւ քարոզչական նշանակություն կունենան: Կա միջազգային պրակտիկա, երբ դատարանի որոշումները կայացնելուց հետո որպես կանոն զեկուցող դատավորը հանդիպում է լրագրողներին եւ պատասխանում նրանց հարցերին: Կարող ենք մտածել նաեւ սահմանադրական արդարադատությանը նվիրված ուսանողների շրջանում միջազգային դատախաղերի անցկացման մասին»:

Հրայր Թովմասյանը նկատեց, որ այն նշաձողը, որ այս տարիներին վերցրել է ՍԴ-ն՝ ի պատիվ Գագիկ Հարությունյանի, բավական բարձր է եւ իրենք պետք է փորձեն պահել այդ նշաձողը:

«Ժողովրդավարական, իրավական պետության զարգացումը հնարավոր չէ առանց արդյունավետ սահմանադրական համակարգի կայացման: Սահմանադրական դատարանն ու սահմանադրական արդարադատությունը չեն կարող գոյություն ունենալ իրավաքաղաքական վակուումի մեջ: Պետական համակարգը պետք է կառուցված լինի ժողովրդավարական արժեքների հիման վրա եւ գործի Սահմանադրությանը համահունչ: ՍԴ-ն է պատասխանատու սահմանադրական արդարադատության իրականացման համար, սակայն այդ դրույթների խիստ պահպանումը նաեւ այլ մարմինների պարտականությունն է»,-ընդգծեց Թովմասյանը:

Նշենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկլ հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ