News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2010-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 284  փախստական. այսպիսով, 1996թ. հետո  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է 82  884: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին նշել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են կառույցի կողմից 2010թ-ին կատարված աշխատանքները եւ 2011 թ-ի ծրագրերը:

Գագիկ Եգանյանը 2010-ը համարել է ինտենսիվ աշխատանքի տարի` տեղեկացնելով, որ առանձին ոլորտներում արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ:

Մասնավորապես մշակվել է «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Տարվա ընթացքում մշակվել են նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական ակտեր` ամբողջացնելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը: Ռուսաստանի եւ Չեխիայի հետ կնքվել են ռեադմիսիոն համաձայնագրեր: Հայաստանը ներկայումս ռեադմիսիոն համաձայնագրեր ունի 13 պետության հետ, եւս 4 երկրի հետ շարունակվում են բանակցությունները`  նմանատիպ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ:

Միգրացիոն ոլորտում առավել ընդլայնված համագործակցության հաստատման վերաբերյալ բանակցություններ են վարվում Ֆրանսիայի եւ Քաթարի հետ: Ոլորտում 2011թ. երկկողմ գործակցություն կծավալվի Շվեդիայի, Լիխտենշտեյնի հետ:

Աշխատանքներ են իրականացվում միգրացիոն կառավարման համակարգը օրենսդրական եւ ինստիտուցիոնալ առումներով ԵՄ համակարգին համարժեք դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակին է ուղղված «Աջակցություն միգրացիոն մարմնի կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է 2012թ-ից եւ տեւելու է 27 ամիս: 

Նշվել է, որ 2010-ի ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու  համար ծառայություն է դիմել  50 օտարերկրյա քաղաքացի, որից 14-ի դիմումը բավարարվել է, 23-ինը մերժվել , 5-ինը կասեցվել, իսկ 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: Վերջնական մերժում ստացած 6 անձանց Հայաստանից արտաքսելու համար ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանություն, մերժում ստացած 8 օտարերկրացի դիմել է դատարան: Ապաստանի հայցով դիմողները եղել են Իրանից, Իրաքից, Աֆղանստանից, Չինաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Նիգերիայից, Կոտ դ`Իվուարից, Մալիից, Սիրիայից:

Փախստականներից 2010թ. ստացվել է հանրակացարանով ապահովման վերաբերյալ 264 դիմում, համապատասխան ուսումնասիրություններից հետո բավարարվել է 50-ը: Ներկայումս ՏԿՆ ենթակայության տակ գտնվող հանրակացարանային ֆոնդը գրեթե սպառված է: Խորհրդակցության ընթացքում միաժամանակ առաջնահերթ համարվեց Երեւանում փախստականներով բնակեցված մի շարք հանրակացարանների շենքային պայմանների բարելավման խնդիրը:

Նշվել է, որ ծառայության նախաձեռնությամբ 2010թ. հարուցված վարչական վարույթի արդյունքում դադարեցվել է 95 անձի փախստականի կարգավիճակը:

Շարունակվել է փախստականներին ճամփորդական փաստաթղթերի տրամադրման գործընթացը. անցած տարի տրվել է 1173 վկայական: Ադրբեջանից բռնագաղթված փախստականների աշխատանքային ստաժը սահմանելու համար համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը քննել է շուրջ 200 գործ, որից դրական լուծում է ստացել 84-ը:

Միաժամանակ նշվեց, որ դեռեւս ամբողջությամբ լուծված չէ Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովման խնդիրը, եւ այդ նպատակով 2011թ. պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ներկայումս բնակարանային խնդիր ունի 1169 ընտանիք, որից 860-ը` Երեւանում: Սակայն քայլեր ձեռնարկվում են այլ միջոցներ ներգրավելու ճանապարհով խնդիրը լուծելու ուղղությամբ: Մասնավորապես` այդ նպատակով 2011թ. նախատեսվում է Երեւանում անցկացնել միջազգային դոնոր կազմակերպությունների հանդիպում-քննարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ