ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 40-ամյա բնակիչը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը, հետեւել նրան եւ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել նրա տուն։ Ինքնազգացողությունը վատ լինելու պատրվակով տղամարդը մուտք է գործել կնոջ բնակարան, ապա՝ փակել դռան փականը, բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, գլուխը հարվածել գետնին եւ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ, ինչպես նաեւ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: