News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան) եւ Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը միասին սկսում են «Բարեւ թրեյլս» (BarevTrails) ծրագիրը՝ ուղղված Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը։

Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», պլանավորվող «Տաթեւ» ազգային պարկ եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը եւ ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր:

Ծրագրի առաջին փուլով նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում 200 երիտասարդներ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից եւ Գերմանիայից կժամանեն Հայաստան՝ մասնակցելու պահպանվող տարածքներում առկա արշավային արահետների բարեկարգմանը, նոր արահետների մշակմանը, որոնք կներկայացնեն տվյալ տարածքի բնության եւ մշակութային հուշարձանները, ինչպես նաեւ կենսաբազմազանությունը, արահետների քարտեզագրմանը, ցուցանակների, արգելափակոցների տեղադրմանը, փոքր ենթակառուցվածքների (օրինակ անանցանելի վտակների վրա փոքր կամուրջներ) կառուցմանը եւ այլն:

WWF-Հայաստանի հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավար Հերմինե Հակոբյանը նշում է. «Այս ծրագիրը շատ ավելին է, քան պարզապես էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացումը: Մասնակիցները շրջելու են Հայաստանի տեսարժան վայրերով, ծանոթանալու են երկրի հարուստ մշակութային ժառանգության, հայկական խոհանոցի հետ, շփվելու են տեղացիների հետ՝ զգալով նրանց հյուրասիրությունն ու ջերմությունը: Վերադառնալով իրենց երկիր՝ երիտասարդները դառնալու են Հայաստանի յուրահատուկ «դեսպաններ» իրենց երկրներում»:

«Վեսեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ նման նախագիծ տարածաշրջանում իրականանում է առաջին անգամ: Ծրագիրը կմեկնարկի այս տարվա մայիսին նախնական 3 տարի ժամկետով: Հաջողության դեպքում, այն շարունակական կլինի: «Բարեւ Թրեյլս»-ը կսկսվի պլանավորվող «Տաթեւ» ազգային պարկից:

Տպել
Ամենաշատ