2018 թվականին Նովրուզի տոնակատարության օրերին ավիաընկերությունները գրանցել են Իրան-Հայաստան ավիաչվերթների հայտերի աննխադեպ թիվ՝ 116, սակայն դրանց զգալի մասը չեղյալ է համարվել: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տաթեւ» տուրստական գործակալության տնօրեն, Հայաստանում իրանական «Ասեման», «Մաան», «Դեշմ» ավիաընկերությունների ներկայացուցիչ Արլեն Դավուդյանը:
Իրանից Հայաստան 48 ավիաչվերթներ, որ նախատեսված էին Նովրուզը նշելու օերերին, չեղյալ են համարվել: Սակայն, նրա խոսքով, այդ օրերին Իրանից Հայաստան ավիաչվերթների թիվը 2017-ի համեատությամբ չի նվազել՝ կազմելով գրեթե 70 չվերթ: «Ավիաչվերթները չեղյալ համարելու պատճառը Իրանի ազգային արժույթի աննախադեպ արժեզրկումն է, որը հանգեցրել է տուրստական հոսքերի կրճատման ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մյուս ուղղություններով»,- պարզաբանեց Դավուդյանը:
Նրա կարծիքով՝ զբոսաշրջիկներին գրավելու համար անհրաժեշտ է իրանական շուկայի հետ հատուկ աշխատանք տանել, քանի որ նրանք Հայաստան ավելի քիչ են այցելում, քան Վրաստան եւ Ադրբեջան:
«Սա կապված է այստեղի հյուրանոցների, օդանավակայանի գների հետ, ինչպես նաեւ զեղչերով ակցիաների փոքրաթիվ լինելու»,- նշեց տուրգործակալության տնօրենը:
Տուրիզմի պետական կոմիտեի մարքեթինգի եւ խթանման բաժնի ղեկավար Գոհար Ալոյանն, իր հերթին, հավաստիացրեց, որ 2018-ին Նովրուզը նշելու ժամանակահատվածում Իրանից տուրիստական հոսքը 16-20 տոկոսով աճում է: «Վերջին 15 տարիներին մենք ամեն տարի Իրանից տուրիստական այցելությունների աճ ենք գրանցել՝ բացառությամբ 2014-ի, կապված այդ երկրի քաղաքական իրավիճակի հետ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ 2017-ին Հայաստան ացելած իրանցիների թիվը կազմել է 220 հազար, ինչը 16 տոկոսով ավելի շատ է 2016-ի ցուցանիշից:
Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Գեւորգ Օրբելյանը իր կողմից հավելեց, որ մայրաքաղաքը պատրաստ է ընդունել Իրանից զբոսաշրջիկներին, մասնավորապես օդանավակայանից Երեւան բերող, ինչպես նաեւ տեսարժան վայրեր տանող ճանապարհներին տեղադրված են պարսկերենով պաստառներ: Կազմակերպվել են նաեւ թանգարանային ցուցահանդեսներ եւ տեղեկատվական միջոցառումներ: