News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պերուի ներկայիս փոխնախագահ Մարտին Ալբերտո Վիսկարա Կորնեխոն մարտի 21-ից կզբաղեցնի երկրի գլխավոր պաշտոնը, քանի որ հրաժարական է ներկայացրել գործող նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին, որին կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացվել: Ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս 79-ամյա Կուչինսկին իր հրաժարականի մեղքը դրել է ընդդիմության վրա, որն իբր իրեն այլ ընտրություն չի թողել: «Քաղաքական դիմակայությունը ստեղծել է անկառավարելիության իրադրություն, որի պայմաններում մենք այլեւս չենք կարող աշխատել»,- հայտարարել է Կուչինսկին: Սրան զուգահեռ՝ երկրի դատախազությունը պահանջել է հրաժարական տված Կուչինսկուն արգելել երկրից հեռանալ, փոխանցում է «Գերմանական ալիքը»: 

Նրա հրաժարականը կապված է բրազիլական Odebrecht շինարարական ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի հետ: 2017-ի վերջին հայտնի է դարձել, որ 2004-ից 2013 թվականներին այն գործող նախագահի հետ կապված ընկերություններին մոտ 4,8 մլն դոլար է փոխանցել իբր որպես խորհրդատվության դիմաց պարգեւատրում: Ընկերությունը ամբողջ Լատինական Ամերիկայում կաշառքի համար ընդհանուր հարյուր միլիոնավոր դոլար է ծախսել:

2017-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունը Կուչինսկուն պաշտոնանկ անելու փորձեր արդեն նախաձեռնել էր, սակայն անհաջողություն էր կրել: Դրանից կարճ ժամանակ առաջ Կուչինսկին հրաման էր ստորագրել Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի համաներման մասին, որը 25 տարվա բանտարկության էր դատապարտված: Սա ամբողջ երկրում զանգվածային բողոքներ էր առաջացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ