News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայկազ Բաղմանյանը նոր պաշտոն ստացավ: Նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ: Այսպիսով, նա զինվորական ծառայության մասին նոր պայմանագիր կկնքի, առայժմ՝ երեք տարի ժամկետով: Հայկազ Բաղմանյանն անցյալ տարվա դեկտեմբերին ազատվել էր Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ու զորացրվել: Նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ ինքն է գեներալին հորդորել հեռանալ պաշտոնից, իսկ որոշման պատճառն աշխատանքային պարտականություններում թերացումն էր:

Գործադիրը մտադիր է լրացուցիչ ժամանակ տրամադրել ուսուցիչներին՝ որակավորում անցնելու համար: Կառավարության այսօրվա նիստում հարցը ներկայացրած Լեւոն Մկրտչյանն առաջարկել է վերջնաժամկետը սահմանել 2023 թվականը:

Կառավարությանը մտահոգում են ջրամբարների պաշարները: Ոռոգման շրջանից առաջ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել խնդիրն ու քայլեր ձեռնարկել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով՝ ներկայում ջրամբարները լցված են 39 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, հարկ կլինի դիմել Սեւանի «օգնությանը»: Բայց այս պահին, ըստ կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանի, վաղ է այդ մասին խոսել, քանի որ օդերեւութաբաններն անձրեւաշատ ապրիլ են կանխատեսում:

Զբոսաշրջությունը խթանելու համար Կարեն Կարապետյանն արտգործնախարարությանն առաջարկում է շարունակել օտարերկրյա քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքը: Վարչապետը կարծում է, որ որոշ երկրների պարագայում արդեն ուշացել ենք:

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացմանը. Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, որ Եվրամիության հետ կնքված համաձայնագրից հետո շարունակում են աշխատել այդ ուղղությամբ: Բայց այդ հարցով, ըստ պաշտոնյայի, Եվրամիությունը չի կարող միասնական որոշում ընդունել, եվրոպական յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում կայացնում:

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է: Դրանից րոպեներ առաջ Ռադայի պատգամավորները քվեարկությամբ նրան անձեռնմխելիությունից զրկելու, ձերբակալելու եւ կալանավորելու համաձայնություն են տվել: Դատախազությունը պնդում է, որ Նադեժդա Սավչենկոն ահաբեկչական հարձակումներ է ծրագրել իշխանությունների դեմ. ցանկացել է պայթեցնել Գերագույն Ռադայի գմբեթը, հետո սպանել ողջ մնացած պատգամավորներին, նաեւ սպանել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Պորոշենկոյին: Գերագույն ռադան նաեւ դավադրության ծրագրումն ապացուցող տեսանյութ է ցուցադրել: Սավչենկոն ընդունել է, որ Դոնբասից զենք է փոխադրել ու Կիեւի կառավարական թաղամասը ոչնչացնելու ծրագրեր մշակել, բայց պնդել է, որ դա քաղաքական սադրանք էր՝ իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք նույնպես մահկանացու են: Առաջիկայում որոշում կկայացվի պատգամավորի խափանման միջոցի մասին:

Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Շաբաթվա սկզբին շուրջ 30 ժամ տեւած հարցաքննությունից հետո ֆրանսիական դատախազությունը նախկին նախագահին կոռուպցիայի, նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման եւ պետական միջոցների յուրացման մեղադրանք է առաջադրել: Ֆրանսիայի նախկին նախագահն այժմ դատական վերահսկողության ներքո է:

Սարկոզին հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, թե հետաքննությունն ապացույցներ չունի, որ 2007 թվականին իր ընտրարշավը ֆինանսավորվել է Լիբիայի, մասնավորապես՝ նախագահ Մուամմար Քադաֆիի կողմից: Քադաֆիի որդին, սակայն, պնդում է, որ իր հայրն իսկապես ֆինանսավորել է Նիկոլա Սարկոզիի նախագահական արշավը, ինչպես նաեւ ներդրումներ կատարել անօրինական հիմնադրամներում:

Արմավիրի մարզում սպանություն է տեղի ունեցել: Դանակահարվածն Այգավան գյուղի 22-ամյա բնակիչ Նարեկ Պողոսյանն է: Նրան հիվանդանոց են հասցրել, բայց, գիտակցության չգալով, երիտասարդը մահացել է: Սպանության կասկածանքով 19-ամյա պատանի է ձերբակալվել՝ Արմավիր գյուղի բնակիչ Վաղինակ Մարտիրոսյանը: Քննչական կոմիտեի տվյալներով՝ երիտասարդները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, այդ ընթացքում էլ Մարտիրոսյանը դանակի 7 հարված է հասցրել Նարեկ Պողոսյանին: Գործով նախաքննությունը շարունակվում է:

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Ազգային հավաքականի ավագը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 7-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ՝ 8-րդ անգամ: Հավելենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդը մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն է, երրորդ տեղում ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն է: Բարսեղյանն ու Հարոյանը նույնպես այսօր ստացել են մրցանակները: Իսկ մարտի 24-ին եւ 27-ին Էստոնիայի եւ Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին պատրաստվող Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում է անցկացրել: Արաս Օզբիլիսը, սակայն, մարզմանը չի մասնակցել. նա վնասվածք ունի:

Մարտի 22-ին դոլարը թուլացել է, եվրոն, ռուբլին եւ ֆունտը՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 679 դրամ:

Մարտի 23-ի օրվա առաջին կեսին հանրապետության արեւմտյան շրջաններում, 24-ի երեկոյան ժամերին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը օրվա առաջին կեսին կարճատեւ անձրեւ կլինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ