News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Փարիզում, մարտի 22-ին, տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստաման բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով տնտեսական ֆորումի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը՝ էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը։

Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ ստեղծվելիք այդ ցանցի առաքելությունն է դառնալու ֆրանկոֆոն տարածքի ձեռնարկատերերի, գործարարների եւ նրանց միավորող կազմակերպությունների միջեւ ինստիտուտուցիոնալ, մասնագիտական կապերի հաստատումը եւ զարգացումը, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների խթանումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը՝ միտված Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսական զարգացմանը։

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ծրագրվում է ցանցի թվային հարթակի ձեւավորումը՝ որպես շահավետ փոխանակումների եւ դրական փորձառության ընդօրինակման շրջանակ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որպես ֆորումի քննարկման թեմաներ առանձնացրեց կայուն զարգացման ապահովմանը միտված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, էներգետիկայի՝ ներառյալ վերականգնվող էներգիայի, հաղորդակցության եւ տրանսպորտային ուղիների, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, գյուղատնտեստության եւ սննդի արտադրության արդյունավետության բարձրացումը, թվային ու բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանումը, կանանց եւ երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության առաջմղումը եւ մասնագիտական կրթության խրախուսումը։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ֆորումին մասնակցելու հրավիրվելու են միջազգային եւ տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհից։ Նախարար Նալբանդյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ տնտեսական ֆորումը նախատեսվում է անցկացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում։ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Ֆորումի մասնակից գործարարները հրավիրվելու են հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողությանը։

Հանդիպման մասնակիցները հավանության արժանացրեցին ֆրակոֆոն տնտեսական ֆորում կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը եւ դրա հետ կապված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել ինչպես ֆորումի անցկացման, այնպես էլ ֆրանկոֆոն գործարարների ցանց ստեղծելու աշխատանքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ