News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ հանրաքվե նշանակելու որոշումը կայացնում է ՀՀ նախագահը, իսկ ի՞նչ է լինում, եթե նախագահը հանրաքվե չի նշանակում, այդ դեպքում՝ հարցը փակուղի էր մտնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ բացը լրացնելու համար նախագծում ավելացվել է, որ եթե ՀՀ նախագահը հանրաքվե չի նշանակում, օրենքի ուժով որոշակի ժամանակ հետո հանրաքվեն նշանակվում է:

«Հանրաքվեի դրվող հարցերի շարքում ավելացրել ենք հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների նախագծերում փոփոխությունների կատարումը: Քանի որ Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրաքվեով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով:

Այն հարցերի շարքում, որոնք չեն կարող հանրաքվեի դրվել, ավելացրել ենք հանրաքվեի միջոցով ընդունված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը, եթե օրենքի ընդունումից չի անցել մեկ տարի: Սա եւս Սահմանադրական դրույթ է: Սահմանադրությունում ասվում է, որ եթե հանրաքվեով օրենք է ընդունվել, այդ օրենքում փոփոխություն կարող է կատարվել մեկ տարի հետո»,-հայտարարեց փոխնախարարը:

Հաջորդ փոփոխությունը, ըստ նրա, վերաբերում է քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելուն. «Ըստ օրինագծի, եթե 50 հազար քաղաքացիներ քաղաքացիական նախաձեռնությամբ դիմում են ԱԺ այս կամ այն օրենքի ընդունման պահանջով, ԱԺ-ն կարող է ընդունել կամ մերժել, որից հետո ընդունված է ընթացակարգ, որ 300 հազար քաղաքացիներ միանում են նախաձեռնությանը եւ հարցը դրվում է հանրաքվեի, սակայն լուծված չէր հարցը, թե ինչ կլինի նախագծի ճակատագիրը, թե ԱԺ-ն ցուցաբերի անգործություն: Այժմ սահմանվում է որոշակի ժամանակահատված, որ եթե այդ ընթացքում օրենքի նախագիծը չմերժվի, Սահմանադրության ուժով համարելու ենք, որ նախագիծը մերժված է եւ քաղաքացիները կարող են արդեն շարունակել իրենց գործունեությունը մինչեւ հանրաքվե»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը եւ կառավարությանը, այլեւ 200 հազար քաղաքացիներ:

Բացի այդ, նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ԱԺ ներկայացվել 50 հազար քաղաքացիների կողմից եւ եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին գումարվում է եւս 300 հազար քաղաքացի, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի:

Երրորդ, նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցերը ներառյալ նաեւ այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի:

Օրենքի նախագիծը սահմանում է հանրաքվեի անցկացման կարգը, այն, թե որ հարցերը կարող են դրվել հանրաքվեի, որոնք չեն կարող, քարոզչության կարգը, դրա ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու. «Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի եւ «ոչ.-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում»:

Նա նաեւ նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգով ենք անդամակցել վերպետական այս կամ այն կառույցին, այս օրենքով սահմանվում է, որ այսուհետ այդ կառույցներից դուրս կարող ենք գալ միայն հանրաքվեի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ