News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու իրավունքը դարձնում են պատրանքային: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, ստացվում է, որ դու ունես հանրաքվե նախաձեռնելու իրավունք որպես քաղաքացի, բայց դա իրական կյանքում իրագործելը գրեթե անհնար է: 

«Ելք»-ն առաջարկել էր, որ հանրաքվե անցկացնելու համար 300 հազար ստորագրություն հավաքելու համար ողջամիտ ժամկետ սահմանվի, ինչը չի արվել: Ավելին, եթե մի օր ՀՀ քաղաքացիներին անհանգստացնի այն հարցը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է կամ ցանկություն լինեի այլ վերպատական կառույցի անդամակցելու, ժողովուրդը չի կարող որեւէ հանրաքվե նախաձեռնել այդ հարցով: Պետք է անպայման կառավարությունը առաջարկի»,-հայտարարեց Մարուքյանն ու հեգնանքով հավելեց. «Շատ բնական է, որ այս իրավունքը պատրանքային է, որովհետեւ պատրանքային խորհրդարանական կառավարմամբ երկրում քաղաքացիները պատրանքային նախաձեռնության իրավունք ունեն, պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով: Սա պատրանքային պրոցես է»:

Մարուքյանը նկատեց, որ այս իրավունքը ոչ պատրանքային դարձնելու համար պետք է Սահմանադրությունը փոխել:

Նշենք, որ «Ելք»-ն առաջարկել էր քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու նպատակով ստորագրություններ հավաքելու համար սահմանել ոչ թե 60 օր, այլ 90 օր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը եւ կառավարությանը, այլեւ 200 հազար քաղաքացիներ:

Բացի այդ, նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ԱԺ ներկայացվել 50 հազար քաղաքացիների կողմից եւ եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին գումարվում է եւս 300 հազար քաղաքացի, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի:

Երրորդ, նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցերը ներառյալ նաեւ այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի:

Օրենքի նախագիծը սահմանում է հանրաքվեի անցկացման կարգը, այն, թե որ հարցերը կարող են դրվել հանրաքվեի, որոնք չեն կարող, քարոզչության կարգը, դրա ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու. «Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի եւ «ոչ.-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում»:

Նա նաեւ նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգով ենք անդամակցել վերպետական այս կամ այն կառույցին, այս օրենքով սահմանվում է, որ այսուհետ այդ կառույցներից դուրս կարող ենք գալ միայն հանրաքվեի միջոցով:

Տպել
Ամենաշատ