News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես ապշած եմ տեսակետով, որ եթե ընդդիմությունը ՏՄՊՊՀ-ում անդամի թեկնածու առաջարկի, դա կնշանակի, որ նա կաշկանդված կլինի քաղաքական կուսակցության մոտեցումներով: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջարկել, նախօրեին ԱԺ-ն ՍԴ նախագահ է նշանակել, որին առաջարկել էր ԱԺ նախագահը. «Ուզում եք ասել, որ այդ բոլոր նշանակումները եղել են քաղաքականապես կաշկանդվա՞ծ, եւ այդ մարդիկ քաղաքական ուժի պատվերնե՞րն են կատարելու: Դա աշխարհով մեկ հայտնի սկզբունքն է: Այդ մարդն ընտրվելու դեպքում դառնում է անաչառ: Նաեւ ապրիլի 9-ից հետո ԱԺ-ում վճռաբեկ դատարանների դատավորներ ենք նշանակելու, հիմա ուզում եք ասել, որ նրանք ԱԺ պատվերն են կատարելո՞ւ»,-հարց ուղղեց Մարուքյանը:

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ սովորաբար մրցակցային պաշտպանության մարմինները անկախ են, այդպես է նաեւ հայաստանում. «Պատահական չէ, որ այդ մարմիններն անկախ են կառավարությունից, որովհետեւ մրցակցության պաշտպանությունն այնպիսի գործառույթ է, որը լիարժեք պետք է անկախ լինեն, այդ թվում քաղաքականությունից: Հանձնաժողովի անդամը կուսակցությունների կողմից առաջադրվելու դեպքում, եթե անգամ կուսակցական չլինի, որոշակի կաշկանդվածություն կունենա իր մասնագիտական գործունեության ընթացքում»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկել էր, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները, ինչը մերժվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրինագծով, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, բարձրացվում է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը եւ օրենքում հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին:

Օրենսդրական փաթեթում վերանայվել են պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, դրանք արդիականացվել են եւ համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:

«Հանձնաժողովի տեսադաշտ ենք բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենքով արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության դրսեւորումը եւ հակամրցակցային իրավական ակտերի ընդունումը: Այս օրենսդրական փաթեթում մտցրել ենք նոր իրավական սահմանումներ՝ գների չհիմնավորված բարձրացում, գների չհիմնավորված նվազում, խտրական պայմանների կիրառում եւ այլն:

Բացի այդ, մրցակցության ոլորտում ավելացել են նոր իրավախախտման տեսակներ, մասնավորապես, տնտեսական գործունեության արգելված համակարգումը, ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները եւ այլն»,-ընդգծել էր Շաբոյանը:

Նրա խոսքով, այս օրենսդրական փաթեթով ընդհանուր առմամբ ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ