News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նախագահական նստավայրի դիմաց այսօր մարտի 23-ին, Գյումրիում սպանված Արտյոմ Ադալանյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը բողոքի ակցիա անցկացրեց՝ նախագահից պահանջելով վերականգնել արդարությունը եւ պատժել որդու սպանության իրական մեղավորներին:

Նշենք, որ Ռուզաննա Ադալանյանին աջակցում են իրավապաշտպաններ, որոնք իրենց հետ պաստառներ են բերել նախագահականի մոտ:

Ոստիկանները ակցիայի սկզբում տիկին Ռուզաննային չթույլատրեցին ակցիա նախագահականի մոտ, խորհուրդ տվեցին անցնել դիմացի մայթ, սակայն նա պնդեց, որ իրավունք ունի պաստառով անցնել, ապա կհատի փողոցն ու ակցիան կշարունակի դիմացի մայթում:

Մոտ 15 րոպե թեժ վեճ տեղի ունեցավ ոստիկանների ու կնոջ միջև, նա բղավում էր. «Եկել եմ՝ Սերժ Սարգսյանին ասեմ, որ ոստիկաններն իրենց տան մեջ սպանում են երիտասարդներին»:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացին իրավունք ունի պաստառով անցնելու նախագահական նստավայրի մոտով:

Արդեն դիմացի մայթին շարունակվող ակցիայի ժամանակ տիկի Ռուզաննան հայտարարեց, որ ինքը երկար տարիներ ՀՀԿ անդամ է, հպարտությամբ է ընտրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն այսօր համոզվել է, որ ոճրագործ ռեժիմի հետ է առնչվում և բերել է հետ վերադարձնելու իր կուսակցական տոմսը:

Ռուզաննա Ադալանյանը պատռեց կուսակցական տոմսն ու շպրտեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ՀՀ դատախազության շենքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուզաննա Ադանալյանի:

Շուրջ 20 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀ դատախազությունից պահանջում են ուղղակի վերահսկողություն սահմանել Շիրակի մարզի ընդանուր իրավասությունների դատարանում քննվող Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ գործի արդար քննության եւ դեպքի իրական հանգամանքների բացահայտման նպատակով:

Հայտարարությունում նշվում է, որ Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ արդարադատության կայացման համար: Կինը բազմիցս հայտարարել է, որ որդու սպանությունը պատվիրված է, հանդես է եկել բազմաթիվ բացահայտումներով, ինչի արդյունքում հայտնվել է սպառնալիքների թիրախում, նրան բազմիցս ծեծի են ենթարկել այդ թվում պետական տարբեր մարմիններում եւ դատարանում։ Նրա նկատմամբ կազմակերպվել է վրաերթ, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Կինն այժմ գտնվում է խիստ խոցելի եւ անպաշտպան վիճակում:

Ռուզաննա Ադանալյանը համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով: Ռուզաննա Ադանալյանը որդու սպանության պատվիրված լինելու եւ իրավապահների մասնակցության մասին ահազանգել է համապատասխան պետական մարմիններին, պատվիրատուի մասին հայտնել է նաեւ Ոստիկանության 6-րդ վարչությանը, սակայն ապարդյուն:

Բացի պետական մարմինների ճնշումներից՝ կնոջը անընդհատ հալածում եւ սպառնում է նաեւ նրա ամուսինը, որը ներկա է եղել որդու սպանությանը, սակայն այժմ սպառնում եւ պահանջում է, որ կինը չպայքարի արդարության համար:

Տպել
Ամենաշատ