News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր՝ մարտի 23-ին անվանակոչվել է Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով:

Այս առնչությամբ, հանդիսավոր արարողության ժամանակ ՍԴ նորանշանակ նախագահ ՀՅրայր Թովմասյանը իր խոսում նշել է.

«1783 թվականին լույս տեսավ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ փառացը», որը համաշխարհային իրականության մեջ առաջին Սահմանադրության նախագիծն էր, որը գրվել է մի քանի տարի ավելի շուտ, քան Միացյալ Նահանգների, Լեհաստանի եւ Ֆրանսիայի սահմանադրությունները: Դա նաեւ հայ ազգային-ազատագրական շարժման ծրագիր էր եւ դրա տեսական հիմնավորում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Որոգայթ փառացում», ըստ էության, հիմնավորվում է պառլամենտական կառավարման ձեւ ունենալու մոտեցումը, եւ խորհրդանշական է, որ մենք 230 տարի հետո ընտրեցինք այն ճանապարհը, որը մեր հայրենակիցների կողմից ներկայացվել եւ դարձել էր հիմք շատ ու շատ երկրներում ժողովրդավարական համակարգ ստեղծելու համար: Մենք ընդամենը մի քանի օր հետո ամբողջությամբ անցում կկատարենք դեպի պառլամենտական կառավարման համակարգի: Շահամիրյանների «Որոգայթ փառացը» արդարության, օրինականության կարգուկանոնով ապրելու, Սահմանադրության մերօրյա տերմիններով ասած՝ Սահմանադրության գերակայությունը ապահովելու խորհուրդ է, որը պետության զարգացման, ազատ ու երջանիկ ապրելու գրավականն է: Սրահի անվանակոչումը Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունով հենց այդ խորհուրդն ունի, որ այս դահլիճում կայացված որոշումները նպաստեն վերոնշյալ նպատակներին:

Այսօրվա մեր հավաքում եւս մեկ խորհուրդ կա, որը դժվարանում եմ ասել՝ կարեւորությամբ, արդյո՞ք, զիջում է առաջինին, թե ոչ: Այսօր մենք Սահմանադրական դատարանի սրահներից մեկը անվանակոչեցինք Սահմանադրական դատարանի առաջին նախագահ, հայտնի պետական գործիչ, ճանաչված գիտնական Գագիկ Հարությունյանի անունով: Անշուշտ, առաջին հերթին, դա Գագիկ Հարությունյանի վաստակի փոքրիկ գնահատականն է, սակայն այն միաժամանակ այլ խորհուրդ ունի: Դա պատգամ է գալիք բոլոր սերունդներին առ այն, որ Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի եւ ընդհանրապես պետական համակարգի, պետականության ու սահմանադրականության ապահովման ճանապարհը պետք է ընթանա արժեւորելու, մեծարելու եւ շարունակականությունն ապահովելու ճանապարհով միայն: Ինձ համար շատ կարեւոր էր հենց այսպես, այս նախաձեռնությամբ սկսել իմ պաշտոնավարումը՝ որպես խորհրդանշում այն շարունակականության, որ մենք պարտավոր ենք ապահովել պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում կայացած Սահմանադրական դատարանի համար»:

Հրայր Թովմասյանը այդ առիթով փոքրիկ եւ խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաեւ այդ հուշանվերի խորհուրդը:

«Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա եւ պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր: Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ եւ քանդակագործի ձեռամբ իրականացված` Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երեւացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ: Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության եւ երախտիքի»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար եւ ընդգծել, որ իր համար Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանները հայոց պատմության մեջ հատուկ կարեւորություն են ունեցել:

 «Տարիներ առաջ, երբ նախաձեռնեցինք ժամանակակից հայերենով հրատարակել «Որոգայթ փառացը», մեծ դժվարությամբ հայթայթեցինք եւ գտանք Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների նկարները: Այդ աշխատանքը ստեղծեցինք, ըստ էության, արխիվներում եղած նյութերի հիման վրա: Եվ մեր հանրությունը՝ հատկապես իրավական, համոզվեց, որ նրանք դատարկ տեղում չստեղծեցին «Որոգայթ փառացը». դա մեր ժողովրդի պատմական որոշակի մտածողության հանրագումարը եղավ:

Ես պարզապես տեղեկացնեմ՝ շատերդ գիտեք, որ հիմա մենք նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ նախաձեռնել ենք հրատարակման պատրաստել մի երկհատորյակ, որը կոչվում է «Սահմանադրական մշակույթը քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի բազմադարյա պատմության էջերում»: Մոտավորապես երեք հազար էջ է, որն այս տարվա վերջում կհրատարակվի, եւ հաջորդ տարվանից կլինի նաեւ անգլերեն թարգմանությունը, որպեսզի աշխարհը եւս կարողանա ընթերցել եւ ճանաչել: Այդ շղթան ամբողջությամբ երեւալու է՝ Արատտայի թագավորությունից մինչեւ Շահամիրյաններ եւ նրանցից հետո, իսկ վերջում կամփոփվի «Պատմության դասերը եւ ժամանակի խորհուրդը» ամփոփ հոդվածով:

Ասելիքս այն է, որ հաջողություն կարելի է ակնկալել միայն այնտեղ, որտեղ կա շարունակականություն, երբ քարին քար է դրվում, երբ կաթիլները հավաքվելով՝ դառնում են կա՛մ լիճ, կա՛մ գետ եւ կարողանում են որակ ապահովել: Խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին, Սահմանադրական դատարանի աշխատակիցներին, նկատի ունենալ հետեւյալը՝ ինչ մենք արել ենք մինչ օրս՝ եղել է նախապատրաստական աշխատանք: Հիշում եք՝ մինչեւ 2005 թվականը ՝ տասը տարում քննել ենք ընդամենը տասը օրենքի սահմանադրականության հարց, այսօր արդեն երկու ամսում մենք այդքան քննում ենք: Տասը տարի եւ երկու ամիս: Բայց այդքանով հանդերձ, սահմանադրական նոր փոփոխությունները բոլորովին նոր ասպարեզ են բացում: Եթե արդեն վաղը, մյուս օրը, ամսի 9-ից, երբ նոր օրենքը կսկսի գործել, եւ նոր դիմողներ կհայտնվեն Սահմանադրական դատարանում, այս պարագայում ծանրաբեռնվածությունը բազմակի ավելանալու է, եւ պատասխանատվությունն է շատ ավելի բարձրանալու: Ես համոզված եմ, որ այն մեկնարկային պայմանները, որ մեզ հաջողվեց ստեղծել՝ հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը իսկապես ստանձնել եւ իրացնել: Մեր խնդիրը հետեւյալն է՝ շատ բան արվեց սահմանադրական փոփոխությունների առումով, շատերդ շփվել եք դրսերում, ունեցել եք նաեւ հանդիպումներ, ելույթներ կոնֆերանսներում եւ տեսել եք, որ այսօր չկա մի երկիր, որտեղ սահմանադրական զարգացումներից խոսեն ու դրվատանքի խոսքեր չասվի այն գործընթացի մասին, որն արվեց Հայաստանում: Բայց ամեն ինչ կարող է մնալ թղթի վրա, եթե դա իրական կյանքում նույն ձեւով չի դրսեւորվում: Չլինի այնպիսի վիճակ, երբ ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականությունը դրան ներդաշնակ չէ, համարժեք չէ: Մենք պետք է իսկապես կարողանանք Սահմանադրությունը կյանքի կոչել:

Պարո՛ն Թովմասյան, ես նույնպես Ձեզ շատ երկար եմ ճանաչում եւ ամբողջ Ձեր կայացման ականատեսը, վկան եմ եղել: Մեծ հույս, մեծ վստահություն ունեմ, որ առաջին հերթին կոլեկտիվում ապահովելով այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի աշխատանքին եւ բարեկամաբար, գործակցաբար աշխատանքն առաջ տանելու խնդիրը կլուծի՝ մեծ հաջողություններ հնարավոր է ակնկալել ոչ միայն ներսում, այլեւ դրսում: Դուք էլ գիտեք, որ ես Ձեր կողքին եմ, մշտապես Ձեր աջակիցը: Ամեն ինչ կանենք միասին՝ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ դատական համակարգը այս երկրում կայացնելու համար: Վիճակն այնպիսին է, որ, այո՛, դինամիկա կա, քայլեր կան, բայց որպես կայացած համակարգ, մենք, ինչպես ասում են, պետք է սկսենք հիմքերից եւ կարողանանք կյանքի կոչել այն, ինչ ցանկանում էինք սահմանադրական բարեփոխումների ընթացքում, որն այն ժամանակ նաեւ Հանրապետության Նախագահը նախաձեռնեց: Իսկ դա կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր բոլոր գործընկերներից: Ես վստահ եմ, որ գործակցաբար մեր արդյունավետ աշխատանքը հնարավորություն կտա որակ ապահովել եւ ասել, որ իսկապես ինչ նախաձեռնում եւ անում էինք՝ ճշմարտացի էինք, եւ այն առաջարկությամբ կամ նախաձեռնությամբ, որ Հանրապետության Նախագահը հանդես եկավ ու կյանքի կոչեց սահմանադրական այս մոդելը կամ այս մեխանիզմը, կենսունակ է եւ ի զորու է երկրում դրական շատ բաներ փոխել: Ես ցանկանում եմ ձեզ երջանկություն, արդյունավետ աշխատանք: Միասին փորձենք տեղից շարժել այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են եւ օր առաջ պետք է լուծվեն»,-ասել է Գագիկ Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ