News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»): Հայաստանին միացան եւ բանաձեւը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա եւս երկու շաբաթ:

ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձեւի նախաձեռնումը Ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական եւ շարունակական հանձնառության արտահայտությունն է: Նա շեշտեց Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի՝ մարդու իրավունքներին նվիրված ՄԱԿ-ի առաջին միջազգային պայմանագրի 70-ամյակի տարում ՄԻԽ կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի կոնսենսուսով ընդունման առանձնահատուկ կարեւորությունը:

Բանաձեւը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարեւոր գործոն է: Այն իր մտահոգությունն է հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման եւ ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը:

Բանաձեւը հատուկ ուշադրություն է դարձնում Ցեղասպանության նախանշանների եւ պատճառների բացահայտմանը:

Այն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը:

Փաստաթուղթը նաեւ իր գոհունակությունն է հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակման կապակցությամբ։

Բանաձեւով Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին առաջարկվում է Մարդու իրավունքների խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում կազմակերպել բարձր մակարդակի քննարկում` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին:

Բանաձեւը նախատեսում է նաեւ, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը անդամ երկրների կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կնախապատրաստի զեկույց նվիրված ցեղասպանության կրթության դասավանդման եւ Կոնվենցիայի լուսաբանման հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ