ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի կիսում «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ըստ որի ապրիլի 9-ից հետո իշխանությունը փողոցում գցած է լինելու եւ ժողովուրդը կարող է այն վերցնել:
«Տարիներ առաջ դարձյալ նման արտահայտություններ եղել են, թող փորձեն վերցնել, ինչ ասեմ։ Բնական է, որ այդ ժամանակահատվածում իշխանությունը փողոցում ընկած չի լինելու, յուրաքանչյուր պետական մարմին ու համակարգ իր օրինական պարտականություններն է իրականցնելու։ Ես մի քիչ համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ ձեւակերպման հետ»,-այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց նա:
Այնուհետեւ Աղվան Վարդանյանը մի փոքր հեգնանքով հավելեց. «Հետո փողոցում ընկած է լինելու արտահայտությունը մի քիչ հարաբերական է, ո՞ր փողոցում է, կարող է գնան այն փողոց, որտեղ ընկած չի լինի ու չգտնեն: Ազատության հրապարակում թող փնտրեն, բայց էնտեղ երթուղիներ կան, ես դա նկատի ունեմ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, իսկ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին: Այդ մեկ շաբաթում Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոն չի ունենալու:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքային պայքարին չեն միանալու «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը:




























