News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինան որոշում է կայացրել արտաքսել 13 ռուս դիվանագետների Բրիտանիայում ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ  Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

«Ի պատասխան Սոլսբերիում ցինիկ քիմիական հարձակման՝ Ուկրաինան  բրիտանական գործընկերների եւ տրանսատլանտյան դաշնակիցների հետ համորաշխության ոգով, ինչպես նաեւ եվրոպական երկրների համակարգմամբ որոշում է կայացրել ուկրաինական տարածքից արտաքսել այն քիչ  ռուս դիվանագետներից 13–ին, քանի որ, ինչպես հայտնի է, մեր դիվանագիտական հարաբերությունները ՌԴ–ի հետ սառեցված են»,–գրել է նա։

ԱՄՆ–ն եւս՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության տասնյակ «ռուսական հետախույզների» արտաքսելու եւ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման  մասին որոշում էր կայացրել։

Ապա նրան են միացել նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը եւ Չեխիան։

Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ