Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառները, որտեղ ավելի քան 60 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սա մարտական գործողություն չէ, հանքում մեթանի անսպասելի հոսք չէ: Մարդիկ եկել էին հանգստանալու, երեխաները: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին ու այդքան մարդու ենք կորցնում, ինչի՞ հետեւանքով: Հանցավոր անփութության, փնթիության»,- ասել է Պուտինը Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր հրդեհի հետեւանքների վերացմանը:

Նա ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին հանձնարարել է պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ, որոնք թույլ են տվել ողբերգությունը: «Առանց փողի անհնար է տեղեկանք ստանալ, իսկ փողի համար ինչ ասես կստորագրեն»,- ասել է նա:

Բաստրիկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի հետաքննության ընթացքում առգրավել են ահռելի քանակի փաստաթղթեր, որոնք հիմա ուսումնասիրում են:

Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին՝ խորհրդակցությունը սկսելով լռության րոպեով:

Պուտինը երեքշաբթի վաղ առավոտյան ժամանել է Կեմերովո եւ անմիջապես գնացել այրված առեւտրի կենտրոն, որտեղ վարդերի փունջ է դրել շենքի մոտ: Նախագահի՝ Սիբիրի դաշնային շրջանի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոյի հետ նա զննել է նաեւ առեւտրի կենտրոնի ճակատամասը:

Կեմերովոյի 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Ողբերգության զոհն են դարձել 64 մարդ, այդ թվում՝ նվազագույնը 8 երեխա: Հիվանդանոցներում են 13 տուժածներ, որոնց մեծ մասը թունավորվել է շմոլ գազով: